Վենեսուելայի ընդդիմությունը համաձայն է՝ Չավեսը կշարունակի երկիրը ղեկավարել առանց երդմնակալության արարողության
Վենեսուելայի ընդդիմությունը համաձայն է երկրի Գերագույն դատարանի որոշման հետ այն մասին, որ երկրի նախագահ Ուգո Չավեսը կշարունակի երկիրը ղեկավարել առանց նոր երդմնակալության արարողության, քանի որ գտնվում է Կուբայի հիվանդանոցներից մեկում։ Այս մասին, ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ, հայտարարել է երկրի ընդդիմության առաջնորդ Էնրիկե Կապրիլեսը։
Գերագույն դատարանը որոշում կայացնելիս, մասնավորապես, հաշվի է առել այն հանգամանքը, որ Չավեսի բացակայության ժամանակ «երկրի ղեկավարության կարևորագույն գործառույթները» նախկինի պես ժամանակավորապես կկատարի փոխնախագահ ու ԱԳ նախարար Նիկոլաս Մադուրոն։
«Այժմ դուք՝ պրն Մադուրո, պետք է ստանձնեք պատասխանատվությունն ու կառավարեք»,- ասել է ընդդիմադիր Կապրիլեսը։
Ի դեպ, նշենք, որ երդմնակալության արարողությունը պետք է կայանար այսօր, սակայն դա հնարավոր չէ, քանի որ նախագահը 4-րդ վիրահատությունից հետո բուժզննում է անցնում կուբական հիվանդանոցում։ Նա վիրահատության էր ենթարկվել դեկտեմբերի 11-ին։
Ընդդիմության համաձայնությունը դատարանի որոշման հետ կարևոր է Վենեսուելայի ներքաղաքական կայունության համար։










