Տիգրան Մուկուչյանը ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդների հիմնական կազմին
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ)` Հայաստանի Հանրապետության նախագահի 2013թ. փետրվարի 18-ի ընտրություններին դիտորդական առաքելության հիմնական կազմին, տեղեկացնում են ԿԸՀ մամուլի ծառայությունից:
Ողջունելով պատվիրակության անդամներին` Տիգրան Մուկուչյանն ընդգծել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության կարևորությունը գալիք ընտրությունների ժամանակ:
Բարձր գնահատելով դիտորդական առաքելությունների դերն ու նշանակությունը` Տիգրան Մուկուչյանը ներկայացրել է ԿԸՀ–ի կողմից իրականացված ընտրությունների կազմակերպման և անցկացման նախապատրաստական աշխատանքները:
Հանդիպման ընթացքում ԿԸՀ նախագահը հատկապես կարևորել է տեղամասային և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամների համար նախատեսված մասնագիտական դասընթացները, հանրային իրազեկման և հանրային վստահության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումները:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Հայդի Թալիավինին իր հերթին, ներկայացնելով առաքելության նպատակները, տեղեկացրել է, որ հաջորդ շաբաթ Հայաստան կժամանեն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության կազմում ընդգրկված երկարաժամկետ դիտորդները, որոնք անմիջապես կանցնեն իրենց գործառույթների իրականացմանը, կայցելեն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ` ծանոթանալու վերջիններիս աշխատանքներին:










