ԱՄՆ-ն Իտալիային է վերադարձրել հնագույն սկահակը

00:28 • 10.01.13

Հունվարի 8-ին ԱՄՆ իշխանությունները Իտալիային են վերադարձրել մ.թ.ա. 6-րդ դարում պատրաստված կերամիկական ջրամանը, որը 1982 թվականին իտալացի արտ-դիլերները կեղծ փաստաթղթերով վաճառել էին ամերիկյան թանգարանին: Այս մասին գրում է Lenta.ru կայքը` հղում կատարելով ամերիկյան Customs Enforcement գործակալությանը:


Ջրամանի փոխանցման արարողությունը կատարվել է Օհայո նահանգի Տոլեդո քաղաքում, որտեղ այն գտնվում էր վերջին 30 տարիների ընթացքում: ԱՄՆ-ի իշխանությունները և թանգարանի ղեկավարությունը դրա հետ վերադարձնելու մասին համաձայնությունը կնքել էին 2012 թվականի հունիսին:


Հազվագյուտ էտրուսկյան ջրամանը  զարդարված է նկարներով, որոնք պատկերում են հին հունական Դիոնիսոս աստծուն, ով ծովահեններին դելֆին է դարձնում: Ապրանքը գնահատվում է 665.000 դոլար:


Ամերիկյան և իտալական իշխանությունները համատեղ հետաքննություն են արել, որի ընթացքում պարզվել է, որ ջրամանը հայտնաբերվել է անօրինական պեղումների ժամանակ և ապօրինի ձևով դուրս է բերվել Իտալիայից: Բոլոր հանցագործները արդեն ձերբակալվել են: