Հունվարի 11-ից տեղումները կդադարեն, առաջիկա 5 օրերի ամենացուրտ գիշերները կլինեն 12-ին և 13-ին
Հունվարի 11-ից ամբողջ հանրապետության տարածքում կգրանցվի առանց տեղումների եղանակ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Արտակարգ իրավիճակների նախարարության հայպետհիդրոմետի օպերատիվ հիդրոօդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը:
Նա նշեց, որ այսօր օրվա երկրորդ կեսից հանրապետության հարավային հատվածներում ձյունը կդադարի, իսկ առաջիկա գիշերը կդադարի նաև հյուսիսային հատվածներում:
«Հունվարը սկսեց բավական արևշող, ինչպես, որ բնորոշ է իրեն: Հունվարի 6-ից սկսեցին տեղումները, որոնք մինչ այսօր շարունակվում են: Այս օրերին առատ ձյուն է գրանցվել հանրապետության հատկապես հյուսիսային հատվածներում՝ Շիրակի մարզում, Կոտայքում, Արագածոտնում»,– ասաց նա:
«Հիմնականում դրանք նորմայի սահմաններում են և միայն որոշ հատվածներում՝ նորմայից բարձր: Հարավային հատվածում և Արարատյան դաշտավայրում տեղումները նորմայի սահմաններում են, սակայն ձյան ծածկը ավելի ցածր է, քանի որ տեղումները սկսեցին անձրևի տեսքով»,- ասաց նա:
Զարուհի Պետրոսյանը տեղեկացրեց, որ առաջիկա գիշերը ջերմաստիճանը ցածր կլինի նախորդ գիշերից մոտ 5-7 աստիճանով: Վաղը հովտային շրջաններում ցերեկը կլինի 4 աստիճան ցուրտ, իսկ գիշերը՝ 6-8 աստիճան ցուրտ:
«Մայրաքաղաքում վաղը սպասվում է 1-3 աստիճան ցուրտ: Առաջիկա հինգ օրերին ամենացուրտ ջերմաստիճանը կգրանցվի հունվարի 12-ի և 13-ի գիշերները: Շիրակում կգրանցվի 28 աստիճան ցուրտ, բարձր լեռնային հատվածներում՝ 23 աստիճան ցուրտ, Արարատյան դաշտավայրում մինչև 13 աստիճան ցուրտ»,- ասաց նա և ավելացրեց, որ հունվարի 14-ից հարավից սպասվում է տաք օդի ներթափանցում հանրապետություն:










