2012-ը նպաստավոր է եղել գիտության համար. Գիտության պետական կոմիտեի նախագահ

15:48 • 11.01.13

2012 թվականը գիտության ոլորտի համար եղել է ձեռքբերումների տարի: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը:

 

Կոմիտեի նախագահն կարևորեց Կառավարության կողմից ընդունված մի շարք որոշումներ, որոնք նպաստել են գիտական ոլորտի զարգացմանը:


«Ձեռքբերումներից է «Գիտական և գիտատեխնիկական փորձաքննության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն ընդունվեց Կառավարության կողմից և այն հնարավորություն կտա ներդնել գիտական և գիտատեխնիկական ծրագրերի և թեմաների ընտրության, ինչպես նաև հաշվետվությունների գնահատման ժամանակակից եղանակ, կնպաստի գիտության և տեխնիկայի միջազգային մակարդակի համապատասխան զարգացմանը»,- ասաց Սամվել Հարությունյանը:


2012-ին ընդունվել են նաև «Հայագիտության զարգացման հայեցակարգը», «Հայագիտության ոլորտի զարգացման 2012-2025 թվականների ռազմավարությունը»,
««Քենդլ» սինխրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ հիմնադրամ հիմնադրելու մասին» որոշումը:

 

«Կարևոր է նաև գիտության ոլորտում երիտասարդների ներգրավման ծրագիրը, որը հնարավորություն կտա ներդնել գիտական, գիտամանկավարժական կադրերի ժամանակակից եղանակներ, գիտության ոլորտը երիտասարդ կադրերով համալրել: Հայտարարվել են մի շարք մրցույթներ, որոնք կնպաստեն գիտության ֆինանսավորմանը»,- ասաց Սամվել Հարությունյանը:

 

Բացի ներպետական որոշումներից, գիտության կոմիտեի նախագահն կարևորեց նաև միջազգային համագործակցության ոլորտում ունեցած հաջողությունները:

 

«Տարվա ընթացքում կնքվել է միջազգային համագործակցության 5 փաստաթուղթ: Շանհայի կիրառական ֆիզիկայի ինստիտուտի միջև համագործակցություն հաստատելու մասին «ՀՀ ԿԳՆ-ի և Չինաստանի կրթության և տեխնոլոգիաների նախարարության միջև գիտության և տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությունը խորացնելու մասին» պայմանագիր կնքվեց, որը պետք է շատ լուրջ արդյունքների բերի»,- ասաց Սամվել Հարությունյանը:

 

Բանախոսի կարծիքով Չինաստանի հետ կնքված պայմանագիրը շատ լուրջ արդյունքների կբերի, որովհետև Չինաստանը մի երկիր է, որն իր ՀՆԱ-ից, որը կազմում է 11.8 տրիլիոն դոլար, տարեկան ծախսում է 150 մլրդ դոլար:


Խոսելով 2013 թվականի ծրագրերի մասին` Սամվել Հարությունյանն ասաց, որ կհայտարարվի թեմատիկ ծրագրերի մրցույթ, երիտասարդ գիտնականների աջակցության շրջանակում կֆինանսավորվի 20-25 ծրագիր, ՀՀ պատմության մեջ առաջին անգամ գիտական սարքավորումներ ձեռքբերելու համար կհայտարարվի մրցույթ և ձեռք կբերվի մոտ 5 գիտական լաբորատորիա: