Հայ և հույն ժողովուրդները զինակիցներ են արդարության համար մղվող պայքարում. Արամ Ա

15:43 • 11.01.13

Կիպրոսի Հանրապետության նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասը երեկ երեկոյան այցելել է Անթիլիասի մայրավանք։ Նախագահին ուղեկցել է նախարարներից և պատգամավորներից բաղկացած 18 հոգանոց պատվիրակությունը։

 

Ինչպես տեղեկացնում են Կիլիկիո կաթողիկոսարանի մամուլի ծառայությունից, նախագահն ու Արամ Ա-ն նախ առանձնազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկվել են Լիբանանի և Կիպրոսի, ինչպես նաև Կիպրոսի և Հայաստանի հարաբերություններին, կիպրահայ համայնքի և ազգային պահանջատիրությանն առնչվող հարցեր։

 

«Երբ թուրքը կուրանա իր գործած ցեղասպանությունը, երբ թուրքը կը շարունակե բռնագրավումի տակ պահել Կիպրոսի կեսը, միջազգային համայնքը պէտք չէ անտարբեր մնա միջազգային օրենքն անտեսող Թուրքիո այս քայլերուն նկատմամբ»,-ասել է վեհափառը։

 

Խոսելով Կիպրոսի հայ համայնքի մասին՝ Վեհափառն իր գոհունակությունն է հայտնել պետության ցուցաբերած հոգածության համար։

Դիմիտրիս Խրիստոֆիասն իր հերթին անդրադարձել է հայ և հույն ժողովուրդների դարավոր բարեկամությանը։


«Թուրքիան վտանգավոր ծրագրեր ունի ոչ միայն Կիպրոսի, այլ ամբողջ շրջանի նկատմամբ»,-ասել է նա՝ հավելելով, որ հայ և հույն ժողովուրդները զինակիցներ են արդարության համար մղվող պայքարում։


Հանդիպման ավարտին, Արամ Ա-ն և նախագահն ուղղվել են Անթիլիասի Մայրավանքի Նահատակաց հուշարձան–մատուռը, ուր Վեհափառ Հայրապետն աղոթել է մեկուկես միլիոն հայերի հոգիների համար։