Բեռլուսկոնին Անգելա Մերկելին 1 ժամ սպասեցրել է՝ «բարեկամ Էրդողանի» հետ զրուցելու պատճառով
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին իտալական հեռուստաընկերություններից մեկի ուղիղ եթերում անդրադարձել է 2009թ.-ին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում տեղի ունեցած սկանդալին, երբ Գերմանիայի կանցլերի ձեռքը սեղմելու փոխարեն սպասեցրել էր նրան՝ մոտ մեկ ժամ հեռախոսով զրուցելով։
Ինչպես տեղեկացնում է թուրքական Haber7 լրատվական կայքը, Բեռլուսկոնին հայտարարել է, թե այդ ժամանակ իրեն զանգել էր իր «սիրելի բարեկամ Ռեջեփ Թայիփ Էրդողանը» և ինքը չէր կարող հեռախոսն անջատել։
Ուղիղ եթերում Բեռլուսկոնիի իշխանության տարիների մասին բազմաթիվ քննադատություններ են հնչել, և նախկին վարչապետին հիշեցրել են գործած սխալների մասին։
Նրան հիշեցրել են նաև 2009թ.-ի սկանդալի մասին, երբ շուրջ մեկ ժամ սպասեցրել էր իրեն ողջունելու համար սպասող Անգելա Մերկելին՝ նրան ընդառաջ գնալու փոխարեն շրջվելով և հեռախոսազանգին պատասխանելով։
«Ես այդ ժամանակ պատասխանել եմ իմ բարեկամ Էրդողանի զանգին, ում որդու հարսանիքին էլ եմ մասնակցել։ Դանիայի վարչապետ Ռասմուսենը պետք է նշանակվեր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում և նրա նշանակմանը միայն Թուրքիան էր դեմ։ Նախորդող օրը Էրդողանի հետ շուրջ 4 ժամանոց հեռախոսազրույց էի ունեցել։ Այդ ժամանակ նա ինձ ասել էր. «Սիլվիո, դու ուզում ես ինձ լացեցնել իմ ժողովրդի աչքի առաջ, քանի որ ես հայտարարել եմ, որ դեմ եմ Ռասմուսենի նշանակմանը»։ Հաջորդ օրը Էրդողանը զանգեց ինձ՝ ասելով, որ համաձայնում է թեկնածությանը։ Արդյունքում Մերկելն ինձ շնորհակալություն հայտնեց այդ հեռախոսազրույցի և Էրդողանին համոզելու համար»,-ասել է Բեռլուսկոնին։










