Մեծ Բրիտանիայի աշխատանքի նախարարը քնած է մնացել և ուշացել հարցազրույցից
Մեծ Բրիտանիայի աշխատանքի նախարար Մեթյու Հենքոքը քնած է մնացել և ուշացել հարցազրույցից, որի ընթացքում պետք է 16-24 տարեկան երիտասարդներին խորհուրդներ տար աշխատանքի ընդունվելու վերաբերյալ, հայտնում է Обозреватель-ը։
Ենթադրվում էր, որ նախարարի մասնակցությամբ հաղորդումը պետք է ցուցադրվեր բրիտանական խոշոր հեռուստաալիքներից մեկի՝ ITV-ի ուղիղ եթերում։
Եթերը պետք է սկսվեր առավոտյան ժամը 6։40-ին։ Հեռուստաընկերությունը նախարարի ետևից ծառայողական մեքենա է ուղարկել՝ անձնական վարորդով։ Սակայն Հենքոքի խոսքով՝ նա ուշացել է միայն մեկ րոպե և նրան չի թույլատրվել եթեր մտնել։ Իր ուշացումը նախարարը բացատրել է նրանով, որ չի կարողացել ժամանակին արթնանալ։
«Սա ևս մեկ անգամ հաստատում է՝ աշխատանքի գնալ անհրաժեշտ է ճիշտ ժամանակին, հակառակ դեպքում հետևանքներ կլինեն։ Ես դա գիտեմ իմ սեփական փորձից»,- գրել է նախարարը Twitter-ում։










