Chevrolet Corvette-ի փակ շնորհանդեսին հնարավոր կլինի հետևել համացանցով

01:38 • 11.01.13

Chevrolet ընկերության պարծանքը` նոր Corvette-ը, պաշտոնապես կներկայացվի Դետրոյտի ավտոսրահի շրջանակներում, որը կմեկնարկի հունվարի 14-ին, սակայն մեքենայի առավել մոլի սիրահարները հնարավորություն կունենան տեսնել մեքենայի փակ, մասնավոր շնորհանդեսը, որը Carscoop պորտալը խոստանում է իր կայքի միջոցով ներկայացնել, հաղորդում է newsru.com-ը:


Միջոցառումը տեղի կունենա ամերիկյան ժամանակով կիրակի երեկոյան:


Նոր սուպերմեքենան կպահպանի հետնաքարշակ համակարգը` շարժիչը դիմացից, իսկ կոնստրուկցիայում, ինչպես ակնկալվում է, լայնորեն կկիրառվի ալիումին և կարբոն: Նաև բացառված չէ, որ նոր Corvette կհամալրվի 7 աստիճան մեխանիկական փոխանցումատուփով:


Corvette-ի շարժիչը 6,2 լիտր ծավալով 450 ձիաուժ և 609 Նմ ոլորող մոմենտով 8 գլանային ագրեգատն է, որը վառելիքի անմիջական ներմղման և մխոցների կեսի անջատման համակարգերով է համալրվում: Ըստ պորտալի, նոր մեքենայի 0-100 կմ/ժ արագություն զարգացնելու ցուցանիշը 4 վայրկյանից ցածր պետք է լինի: