Չեխիայում նախագահական ընտրություններ են. թեկնածուների շարքում են դաջվածապատ պրոֆեսորն ու դերասանուհին
Չեխիայում մեկնարկել են համազգային առաջին նախագահական ընտրությունները, որոնք եզակի են իրենց բնույթով, քանի որ մինչ այս երկրի նախագահին ընտրում էր խորհրդարանը։
Ինչպես տեղեկացնում է Газета-ն, նախագահի պաշտոնին, Չեխիայի նախկին 2 վարչապետներից՝ Յան Ֆիշերից և Միլոշ Զեմանից բացի, հավակնում են նաև ամբողջովին դաջվածապատ մարմնով պրոֆեսոր Վլադիմիր Ֆրանցն ու դերասանուհի Տանյա Ֆիշերովան։
Ֆրանցը, ընտրվելու դեպքում, խոստացել է զարգացնել արդարադատությունը, լուծել բնապահպանական խնդիրները և նույնիսկ օրինականացնել մարիխուանայի օգտագործումը։ Թեև շատերի համար այս թեկնածուի արտաքինն անընդունելի է նախագահի պաշտոնի համար, սակայն փորձագետները գտնում են, որ նա արժանի այլընտրանք է մյուս թեկնածուների համար և բազմաթիվ աջակիցներ ունի հատկապես Չեխիայի մայրաքաղաքում։
Չնայած, որ մրցապայքարի ֆավորիտներն արդեն հայտնի են, սակայն փորձագետների կարծիքով, ընտրությունների 1-ին փուլում նրանցից ոչ մեկին չի հաջողվի հավաքել քվեների անհրաժեշտ քանակ։










