Դատախազությունը մեղադրում է Ոստիկանությանը դաժան սպանության բացահայտման թերացման մեջ, Ոստիկանությունը՝ պարզաբանում

16:58 • 11.01.13

ՀՀ գլխավոր դատախազության կայքը տեղեկացնում է, որ գլխավոր դատախազի տեղակալը գրավոր միջնորդություն է ուղարկել ՀՀ ոստիկանություն՝ ծառայողական քննություն կատարելու և իրենց աշխատանքներում թերացած ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնի համապատասխան աշխատակիցներին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։


2013 թվականի հունվարի 8-ին ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում հարուցվել է քրեական գործ Արա Հունանյանի սպանության դեպքի առթիվ, որի դիակը հայտնաբերվել է նույն օրը «Դալմայի այգիներ» կոչվող հողատարածքում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։


Քրեական գործի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի բնակիչ Հայկ Հունանյանը 2013թ. հունվարի 4-ին հաղորդում է տվել ոստիկանության Մալաթիայի բաժին այն մասին, որ որդին հունվարի 3-ին՝ ժամը 14-ի սահմաններում, տանից դուրս է եկել և չի վերադարձել։ Հայտարարությունը վերցնելուց հետո ոստիկանության Մալաթիայի բաժնի աշխատակիցների կողմից միայն մակերեսային բացատրություն է վերցվել Հայկ Հունանյանից, որտեղ նկարագրվել է որդու՝ տանից դուրս գալու օրը, ժամը և հագուստները:


Բացի վերը նշվածից, Արա Հունանյանին հայտնաբերելու ուղղությամբ այլ գործողություն չի իրականացվել:


Այս կապակցությամբ Tert.am-ը մեկնաբանություն խնդրեց Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ասաց հետևյալը. «Ձեր կողմից նշված միջնորդությունը Ոստիկանությունը դեռ չի ստացել, սակայն նշեմ, որ երեկ, հունվարի 10-ին Ոստիկանության պետի ցուցումով մամուլում եղած հրապարակման առնչությամբ Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում ծառայողական քննություն է սկսվել»։ Ահարոնյանը խոստացավ արդյունքների մասին լրացուցիչ տեղեկացնել։