Բրահիմին Ժնևում հանդիպել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչների հետ
Ամերիկացի և ռուսաստանցի բարձրաստիճան դիվանագետները Ժնևում հանդիպել են Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմիի հետ, հայտնում է The New York Times-ը:
ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Ուիլիամ Բըրնսի և ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովի հետ Բրահիմիի բանակցությունները վերաբերել են անցած հունիսին Ժնևում գերտերությունների՝ Սիրիայի հարցով ձեռք բերած համաձայնություններին:
Դրա շրջանակներում նախատեսվում է ձևավորել անցումային կառավարություն և վերջ դնել շուրջ 2 տարի ձգվող Սիրիայի հակամարտությանը: Աղբյուրն ընդգծում է, որ Մոսկվան ու Վաշինգտոնն անհանգստացած են հակամարտության՝ տարածաշրջանայինի վերածվելու հեռանկարներից:
Նախօրեին Սիրիան Բրահիմիին մեղադրել էր կողմնապահության համար:










