Հրանտ Բագրատյանը ներկայացրել է իր նախընտրական ծրագրի տնտեսական մասը

11:25 • 11.01.13

ՀՀ նախագահի թեկնածու, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքցիներին ներկայացրել է իր կայքը, որում ներկայացվում է նրա նախընտրական տնտեսական ծրագիրը, որը կոչվում է «Ընդամենը 100 քայլ մինչև սոցիալական արդարություն»: 


Ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառման մեջ Հրանտ Բագրատյանը խոստանում է առաջիկայում կայքում ներկայացնել նաև արտաքին քաղաքականության ուրվագծերը և ՀՀ քաղաքական բարեփոխումների կոնցեպտները։


Անդրադառնալով իր տնտեսական ծրագրին՝ նախագահի թեկնածուն նշել է, որ այն կարգախոսների կամ ցանկությունների շարան չէ, կոնցեպցիա չէ, ծրագրային դրույթներ չէ։


«Այն սահմանափակ ժամանակի և ռեսուրսների մեջ գործողությունների համակցություն է, ելքային կոնկրետ արդյունքներով։ Առաջիկայում կտպագրվի դրա գրքույկային տարբերակը: Իշխանությունը չներկայացնող թեկնածուներին՝ խնդրեմ եթե դուք էլ ինձ տրամադրեք ձեր ծրագրերը (կրկնում եմ, սահմանափակ ժամանակի ու ռեսուրսների մեջ մակրոտնտեսական գործունեության պլան, այլ ոչ թե պարզապես ցանկություններ), ապա մեծ հաճույքով կմասնակցեմ ցանկացած բանավեճի»,- գրել է նա։


Հրանտ Բագրատյանը իր տնտեսական ծրագրում ներառել է նաև նախկինում իր կողմից ղեկավարած «100 քայլ» ծրագրի մի շարք առանցքային կետեր։


Տնտեսական ծրագիրը կազմված է մի քանի մասից՝ սոցիալական համերաշխության մոդել, բնակչության եկամուտներ, զբաղվածություն, ծնելիություն, հանրային և սոցիալական ծառայությունների ոլորտ, հարկային և մաքսային քաղաքականություն, բյուջետային քաղաքականություն, բանկային ոլորտ, վարկային կազմակերպություններ, ներդրումային հիմնադրամներ, արժեթղթերի շուկա, գործարարության խրախուսում, փոքր և միջին բիզնեսի զարգացում, կառավարման բարելավում, գործարարության խրախուսում, ստվերի կրճատում և գյուղատնտեսություն: