Ամերիկացի քահանան հրաժարվել է օրհնել Օբամային
ԱՄՆ Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքի եկեղեցիներից մեկի հոգևոր հովիվ Լուի Ջիլյոն, ով պետք է օրհներ նախագահ Բարաք Օբամային հունվարի 21-ին կայանալիք երդմնակալության արարողությունից հետո, հրաժարվել է մասնակցել միջոցառմանը՝ համասեռամոլության խնդրի մասին իր ելույթի հրապարակումից հետո, հայտնում է Взгляд-ը։
Ինչպես հայտնում է CNN-ը, հրաժարվելու հիմք է հանդիսացել մասնավորապես Think Progress կայքում իր քարոզից մի դրվագի հրապարակումը, որտեղ Ջիլյոն կոչ է անում քրիստոնյաներին վճռականորեն արձագանքել «օրակարգի արդի մարտահրավերներին» և զգուշացնում, որ միասեռական ամուսնությունների տարածումը քայքայում է հասարակության հիմքերը։
«Ինձ համար մեծ պատիվ է լինել հունվարի 21-ի արարողության հրավիրյալների շարքում։ Սակայն 15-20 տարի առաջ արած իմ հայտարարությունը տապալում է բոլոր նրանց ջանքերը, ովքեր կազմակերպում են երդմնակալության արարողությունը»,- ասել է հոգևորականը։
Միևնույն ժամանակ CNN-ը հայտնում է, որ նախագահին օրհնելու համար հենց Ջիլյոն է ընտրվել՝ մարդկանց թրաֆիքինգի և սեռական շահագործման դեմ պայքարում ունեցած ներդրման համար։










