ԵԱՀԿ ավելի քան 280 դիտորդ կհետևի նախագահական ընտրությունների ողջ ընթացքին

14:54 • 11.01.13

Գալիք նախագահական ընտրությունների ողջ ընթացքին կհետևեն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ավելի քան 280 դիտորդներ, որոնց մի մասն արդեն Հայաստանում է։

 

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Հայդի Տագլիավինին այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ սա Հայաստանում լինելու է նույն առաքելության կողմից կատարված 9-րդ դիտարկումը:

 

«Հիմնական թիմը բաղկացած է 13 միջազգային փորձագետներից, որոնք 11 ԵԱՀԿ երկրներ են ներկայացնում, որոնք իրենց գործուենությունը կիրականացնեն հիմնականում Երևանում: Շաբաթվա ավարտին կժամանեն 24 երկարաժամկետ դիտորդները: Եվս 250 կարճաժամկետ դիտորդներ կհայցվեն ընտրություններին, որոնք կժամանեն ընտրությունների նախաշեմին և կաշխատեն ամբողջ հանրապետության տարածքում»,- ասաց Հայդի Տագլիավինին:

 

Դիտորդներն ընտրությունները կգնահատեն ժողովրդավարական ընտրական գործընթացներին համապատասխանության, երկրի միջազգայնորեն ստանձնած պարտավորություններին և ներպետական օրենքներին համապատասխանության սկզբունքով:

 

Առաքելությունը կմշտադիտարկի ընտրարշավի, ընտրությունների օրենսդրության, ԶԼՄ-ների միջավայրը և բողոքարկման գործընթացները:



«Դիտորդները կդիտարկեն ընտրությունների ընթացքը ամբողջ օրվա ընթացքում: Քվեարկության օրից հետո առաքելությունը կհետևի հետընտրական զարգացումներին, երկրորդ փուլ լինելու դեպքում կշարունակվի աշխատանքը»,- ասաց Հայդի Տագլիավինին:

 

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարն ընդգծեց, որ իրենք Հայաստանում են գտնվում դիտարկելու և ոչ թե ինչ-որ բան պարտադրելու կամ քննադատելու համար։

 

«Մենք կներկայացնենք առաջարկություններ, ինչը կարելի է բարելավել: Կիրառում ենք նույն չափանիշները բոլոր ԵԱՀԿ երկրներում:


Մեր աշխատանքի սկզբունքներն են մնում լինել օբյեկտիվ ամբողջ ընթացքում, մեզ հետաքրքիր է ընթացքը և ոչ թե ընտրությունների արդյունքը»,- բացատրեց Հայդի Տագլիավինին:

 

Առաքելության ներկայացուցիչները հանդիպումներ կանցկացնեն թեկնածուների հետ, կուսակցությունների, քաղաքացիական հասարակության և ԶԼՄ-ների հետ: Դիտարկումների նախնական արդյունքները կհրապարակվեն ընտրությունների հաջորդ օրը: