Անհրաժեշտ է 25 հազ. ձայն, որպեսզի ԱՄՆ-ն արձագանքի հայ-թուրքական սահմանի բացմանը
Թուրքիա– Հայաստան սահմանը սիրիահայերի համար բացելու պահանջով ԱՄՆ Սպիտակ տան կայքում արդեն մի քանի օր ընթացող ստորագրահավաքի համար անհրաժեշտ է 25 000 ստորագրություն, որպեսզի ԱՄՆ կառավարությունն անդրադառնա այս հարցին:
Նախաձեռնության հեղինակ, «Ժառանգություն» կուսակցության անդամ Դանիել Իոաննիսյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսին նշեց, որ սահմանի բացման նպատակն է սիրիահայերին հնարավորություն տալ արագ և անհամեմատ հեշտությամբ հասնել Հայաստան։
Նա նաև տեղեկացրեց, որ հունվարի 10-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 500 մարդ։
«Քվեարկությունը ավարտվելու է փետրվարի 4-ին, սակայն մինչ այդ ցանկալի է, որ կարողանանք հավաքել 25 հազ. ձայն, քանի որ այդ պարագայում ԱՄՆ-ի նախագահը ուղղակի չի կարող չարձագանքել ստորագրահավաքին: Բայց, իհարկե, լինում են դեպքեր, երբ ընդամենը մի քանի հարյուր ձայնի պարագայում ԱՄՆ-ն արձագանքում է՝ խնդիրը համարելով հրատապ»,- ասաց նա:
Դանիել Իոաննիսյանն ընդգծեց, որ այսօր սիրիահայերը ցամաքով Հայաստան են հասնում 3 օրում՝ կտրելով 1800 կմ, այնինչ դա նրանք կարող են անել ընդամենը 10 ժամում:
«Օդանավով Հայաստան գալը անհամեմատ թանկ է, իսկ տոմսերը՝ սահմանափակ: Եթե սահմանը բացվի, ապա Հայաստանը Սիրիային կլինի շատ մոտիկ և նրանք կկարողանան շուտ-շուտ գնալ գալ»,- բացատրեց նա:
Ասուլիսի ներկա սիրիահայ Նիկողոս Քուլաջյանը, ով վերջերս է Սիրիայից 2.5 օր հատելով Թուրքիայի և Վրաստանի սահմանները մեծ դժվարությամբ հասել հայրենիք, ընդգծեց, որ ճանապարհը դեռ շատ վտանգավոր է, և իրենք վախը սրտներում են գալիս:
«Սիրիայում գտնվող հայերը այս պահին ինտերնետ չունեն, որպեսզի կարողանան մտնել ու քվեարկել այդտեղ: Բայց սահմանի բացումը օգտակար կլինի մեր բոլորի համար»,- ասաց նա:










