Ռամզան Կադիրովը կոչ է անում երկրի սահմաններից դուրս ապրող «անքաղաքավարի» չեչեններին վերադառնալ
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը դժգոհ է հանրապետության սահմաններից դուրս գտնվող որոշ չեչենների պահվածքից և կոչ է անում բոլոր նրանց, ովքեր այս կամ այն պատճառով չեն կարողանում իրենց քաղաքավարի պահել, վերադառնալ հայրենիք, հայտնում է НТВ-ն։
«Ինձ բարկացնում է Չեչնիայի որոշ քաղաքացիների պահվածքը, ովքեր իրենց վատ են պահում, դառնում են տարբեր վեճերի մասնակիցներ, պարում են հասարակական վայրերում, որտեղ դա ընդունված չէ։ Նրանք պետք է խստորեն հետևեն վարքագծի համընդհանուր կանոններին։ Եթե երիտասարդները չեն կարողանում կամ չեն ուզում դրանց հետևել, թող վերադառնան տուն»,- ասել է Կադիրովը։
Նա նաև նշել է, որ երիտասարդությանը հարկ է հիշեցնել ազգային ավանդույթների և սովորույթների մասին, որոնք պարտադրում են իրական չեչենցուն «լինել օրինակելի ցանկացած հասարակության մեջ»։
«Մեր հիմնական նպատակը երիտասարդությանը մշակութային, նպատակասլաց, կիրթ և ընկերասեր դաստիարակելն է։ Մենք պետք է նրանով հպարտանանք, այլ ոչ թե ամաչենք»,- նշել է Կադիրովը։










