Ձյան վրա քնած սիրիացի երեխայի նկարը մեծ հետաքրքրություն է առաջացրել համացանցում
Լիբանանի արևելյան Բեքա հարթավայրում գտնվող սիրիացի փախստականների ճամբարում ձյան վրա քնած երեխայի լուսանկարը հայտնվել է համացանցում և մեծ հետաքրքրություն առաջացրել, հայտնում է Al Arabiya-ն։
Նկարն անհնար է առանց ցավի և խղճահարության զգացումների դիտել. փոքրիկը քնած է գետնին՝ թաց ձյան վրա, բարակ կարպետով ծածկված։
Մերձավոր Արևելքում տիրող սառը և խոնավ եղանակային պայմաններն է՛լ ավելի են վատացրել ճամբարներում բնակվող 600 հազարի հասնող սիրիացի փախստականների դրությունը։ Նրանց ամենամեծ թիվը գրանցված է Լիբանանում՝ մոտ 200 հազար։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունն այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես հայցել է ամբողջ աշխարհի օգնությունը հարյուր հազարավոր սիրիացիներին օգնելու համար։
«Այս անհույս մարդիկ օգնող ձեռքի կարիքն ունեն»,-ասել է գլխավոր քարտուղարը։
Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ 2011թ. մարտից սկսած կառավարական զորքերի և ընդդիմադիրների միջև ընթացող հակամարտության հետևանքով մոտ 60 հազար մարդ է զոհվել։










