Սիրիացի ընդդիմադիրները գրավել են երկրի խոշորագույն ավիաբազաներից մեկը

17:22 • 11.01.13

Սիրիացի ընդդիմադիրները մի քանի օր տևած դաժան մարտերից հետո գրավել են երկրի հյուսիսային հատվածում գտնվող խոշորագույն ավիաբազաներից մեկը՝ Տաֆտանազը, հայտնում է Al Arabiya-ն՝ հղում կատարելով Մարդու իրավունքների ուսումնասիրման սիրիական կենտրոնին։

 

«Տաֆտանազի մոտ մղվող մարտերն ավարտվել են տեղի ժամանակով 11:00-ին, և այժմ ավիաբազան ամբողջովին ապստամբների հսկողության տակ է»,- նշել է կենտրոնի տնօրեն Ռամի Աբդել Ռահմանը` Agence France Presse-ի հետ զրույցում։ Նա նաև ասել է, որ պայքարի ընթացքում զոհվել են կառավարական զորքերի բազմաթիվ ծառայողներ, իսկ մնացածն էլ արևածագին մոտ նահանջել են։

 

Ռահմանն ընդգծել է, որ 22 ամիս տևած հակամարտության ընթացքում Տաֆտանազն ամենամեծ ավիաբազան է, որը գրավել են ընդդիմադիրները։ Նրանց հաջողվել է տիրանալ մի քանի մարտական մեքենաների, ինչպես նաև զենքի գլխավոր պահեստին։ Այնուամենայնիվ, կառավարական զորքերին հաջողվել է դուրս բերել ավիաբազայում եղած ուղղաթիռների մեծ մասը։