Արմավիրցի կինը ծննդաբերել է ինքնաթիռում. «Արմավիա»

14:49 • 12.01.13

Նովոսիբիրսկ-Երևան չվերթի ժամանակ U8 -992 ինքնաթիռում, որը պատկանում է «Արմավիա» ավիաընկերությանը, այսօր առավոտյան արմավիրցի մի կին է ծննդաբերել:


Այդ մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց «Արմավիա» ավիաընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան:


Կնոջը, ում մոտ հենց թռիչքի ժամանակ երկունքի ցավեր են սկսվել, բժշկական առաջին օգնություն է ցույց տվել բորտուղեկցորդուհի Հասմիկ Ղևոնդյանը: Ծնված աղջիկ երեխային անվանակոչել են բորտուղեկցորդուհու անունով` ի նշան երախտագիտության:


Նանա Ավետիսովան ասաց, որ նման դեպքեր թռիչքների ժամանակ, երբեմն, պատահում են:


«Մեր բորտուղեկցորդուհիները միշտ էլ օգնություն են ցույց տալիս, երբ մարդիկ վատանում են կամ այլ բան է պատահում, որովհետև նրանք բոլորը պատրաստ են առաջին բժշկական օգնությունը տրամադրել մարդկանց»,- ասաց Նանա Ավետիսովան: