Վահագն Չախալյանը և մի քանի հայ քաղբանտարկյալներ ազատ կարձակվեն. փաստաբան
Վաղն առավոտյան ի թիվս այլ քաղբանտարկյալների ազատ կարձակվի ջավախահայ քաղբանտարկյալ Վահագն Չախալյանը. Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Չախալյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանը։
«Իմ տեղեկություններով ոչ միայն նա, այլ ցուցակով ներկայացված մի շարք քաղաքական գործիչներ, ովքեր քաղաքական հայացքների համար են դատապարտված և որոնց թվում նաև մի քանի հայեր կան, առավոտյան ազատ կարձակվեն»,- ասաց փաստաբանը։
Նշենք, որ Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիդ Ուսուպաշվիլին օգտվել է իր օրենսդրական իրավունքից և այսօր ստորագրել «Համաներման մասին» օրենքը։ Խորհրդարանի նախագահն օգտվել է իր իրավունքից այն բանից հետո, երբ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին երկրորդ անգամ հրաժարվել է ստորագրել այն։
«Համաներման մասին» օրենքը խորհրդարանի կողմից հաստատվել է դեկտեմբերի 21-ին, սակայն դեկտեմբերի 27-ին Վրաստանի նախագահը վետո է դրել օրենքի մի մասի վրա, որն առնչվում է քաղբանտարկյալներին և անչափահասների նկատմամբ հանցագործություն իրականացրած անձանց։
Դեկտեմբերի 28-ին օրենսդրական մարմինը հաղթահարել է նախագահական վետոն, ինչից հետո այն կրկին ուղարկվել է նախագահի ստորագրմանը։
Ուսուպաշվիլիի խոսքով՝ այս օրենքի ընդունումը բանտերում նորմալ պայմանների բացակայության փոխհատուցումն է։ «Այսուհետ ոչ ոք չի հետապնդվի իր քաղաքական հայացքների և այլակարծության համար»,- ասել է խորհրդարանի նախագահը։
Այս օրենքի ուժի մեջ մտնելուց հետո, նախնական տեղեկության համաձայն, առաջինը կալանավայրերը կլքեն այն անձինք, ովքեր խորհրդարանի որոշմամբ ճանաչվել են քաղբանտարկյալ։
Հիշեցնենք, որ Վահագն Չախալյանը ձերբակալվել է վրաց իշխանությունների կողմից 2008թ. հուլիսի 21-ին։ 2009թ. ապրիլի 7-ին դատավարության արդյունքում դատապարտվել է 10 տարվա ազատազրկման «հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպման», «խուլիգանության» և «զենքի պահպանման» շինծու մեղադրանքներով:










