Վրաստանի նախկին իշխող կուսակցությունը մասշտաբային համաներումը «ցինիկ» է անվանել

18:39 • 12.01.13

Վրաստանի նախկին իշխող կուսակցությունը՝ «Միասնական ազգային շարժումը» իր գնահատականն է տվել Վրաստանի խորհրդարանի՝ համաներման մասին որոշմանը, հայտնում է News Georgia-ն:
 

Ըստ այդմ՝ «Ազգային շարժումը» ասել է, թե երկրի խորհրդարանը «վտանգավոր քայլի է դիմել»՝ մասշտաբային համաներման մասին օրենքն ընդունելով:


«Սուտ մարդասիրության քողի տակ պետությունը վտանգավոր քայլի է դիմում՝ իր իսկ քաղաքացիների դեմ: Համաներման հետևանքով բանտերից կհեռանան լրտեսներ ու հանցագործներ, որոնք ազատազրկվել են Ռուսաստանի օգտին լրտեսելու համար.... և ստացվում է, որ այսօր պետությունը ներողություն է խնդրում այդ մարդկանցից, ինչը ցինիկ է», - ասել է կուսակցության պատգամավոր Գեորգի Գաբաշվիլին: Նա հետևանքների համար պատասխանատու է անվանել երկրի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին:

Այդ օրենքով ազատ կարձակվեն մարդիկ, որոնք ազատազրկված են տարբեր ժամկետներով, այդ թվում «լրտեսության» մեղադրանքներով: Ավելի վաղ այս օրենքի դեմ վետո էր սահմանել Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Նախնական տվյալներով՝ առաջինը ազատ կարձակվեն մոտ 200 անձինք:
 

Հոկտեմբերին տեղի ունեցած ընտրություններից հետո «Ազգային շարժումը» փոքրամասնություն է կազմում Վրաստանի խորհրդարանում:

Ի դեպ, ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, նախատեսվում է, որ այդ համաներմամբ վաղը ազատ են արձակվելու ջավախահայ քաղբանտարկյալ Վահագն Չախալյանը և էլի մի քանի հայ քաղբանտարկյալներ։