Ֆրանսիան նամակ է հղել ՄԱԿ-ի ԱԽ-ին՝ կոչ անելով արագացնել միջազգային ուժերի տեղակայումը Մալիում

10:02 • 12.01.13

Ֆրանսիայի իշխանությունները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին (ԱԽ) նամակ են հղել, որում մասնավորապես կոչ է արվում արագացնել Մալիում միջազգային ուժերի տեղակայումը թույլ տվող բանաձևի իրականացումը, հայտնում է ИТАР-ТАСС-ը։

Նամակը ՄԱԿ-ի ԱԽ-ին փոխանցել է ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական դեսպան Ժերար Արոն, ով Reuters գործակալության հետ զրույցում նշել է, որ «միջազգային իրավունքին համապատասխան իրականացվող այդ գործողությունը կտևի այնքան, որքան որ պահանջվի»։

Նամակում ընդգծվում է, որ «Մալիում տեղի ունեցող վերջին զարգացումները պահանջում են, որպեսզի թիվ 2085 բանաձևն արագացված կերպով սկսի իրականացվել»։ Խոսքը 2012թ. դեկտեմբերի 20-ին ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից ընդունված բանաձևի մասին է, որը թույլ է տալիս Մալի ուղարկել 3,3 հազար զինծառայող Արևելյան Աֆրիկայի տնտեսական ընկերակցության անդամ երկրներից։ Բացի այդ, բանաձևում  կոչ է արվում ՄԱԿ-ի անդամ պետություններին աջակցություն ցուցաբերել Մալիի իշխանություններին՝ երկրի անվտանգության ապահովման և պետական կառավարման վերականգնման համար։


Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հունվարի 11-ին հայտարարել է Մալիում ռազմական գործողության սկզբի մասին։ Նախագահի խոսքով՝ գործողության նպատակն է հետ մղել ապստամբներին, որոնք վերահսկում են երկրի հյուսիսը 2012թ. գարնանից։ Իսլամիստ ապստամբները սպառնում են գրավել Մոպտի քաղաքը, ինչն ավելի խոցելի կդարձնի մայրաքաղաք Բամակոն:


Մինչ այս Ֆրանսիան Մալիին աջակցում էր միայն լոգիստիկայի հարցերում և զինուժի վերապատրաստմամբ: