Բաքվի ջարդերը պետականորեն կազմակերպված ցեղասպանություն է եղել. պատմաբան
Բաքվի ջարդերը պետականորեն կազմակերպված ցեղասպանություն է եղել, այլ ոչ մի քանի խուլիգանի արարք, ինչպես այսօր փորձում են ներկայացնել ադրբեջանական իշխանությունները։ Այսօր ջարդերի տարելիցին լրագրողների հետ հանդիպմանն ասաց պատմաբան Գևորգ Մելքոնյանը:
Ըստ պատմաբանի՝1990-ին Բաքվում տեղի ունեցած հունվարյան իրադարձությունները միջազգային հանրությունն ընդամենը որակեց որպես Բաքվում բնակվող 250 000 հայ բնակչության դեմ ուղղված քաղաքական քայլ:
«Բաքվի ջարդերը դատապարտվել են միջազգային հանրության կողմից, բայց, ցավոք, խնդիրը չի ստացել իրավական կարգավորում, իսկ մենք գիտենք, քանի դեռ չի կարգավորվել մենք չենք կարող ապահովված լինել, որ Բաքուն ցանկացած պահի չի կատարի նույն քայլը»,- ասաց նա:
Պատմաբանը հստակեցրեց, որ շրջանառվող տվյալները, թե Բաքվի ջարդերը սկսել են 1990-ի հունվարի 13-ին և շարունակվել մինչև 19-ը, այդքան էլ ճիշտ չեն, քանի որ, ըստ նրա, դրանք սկսվել են դեռևս 1988-ից: «Այն սկսվել է դեռևս 88-ից և ավարտին է հասցվել հունվարի 13-19-ը: Ադրբեջանական իշխանության նման քայլը պատասխանն էր ԼՂՀ հայերի ինքնորոշման ձեռքբերմանը»,- ասաց նա:
Գևորգ Մելքոնյանը նշեց, որ ներկայացված տվյալները, թե Բաքվի ջարդերին զոհ են գնացել 300-ից ավելի հայրեր, ճշգրիտ չէ: «Դրանք ճշտված չեն, և այսօր արդեն հայտնի է, որ ավելի շատ հայեր են զոհ գնացել: Վերջին տվյալներով թիվն անցնում է 400-ից»,-ասաց նա:
Պատմաբանն ընդգծեց, որ այսօր Հայաստանի խնդիրը միջազգային հանրությանը Բաքվի ջարդերի հետ կապված բոլոր փաստաթղթերին ծանոթացնելն է և ևս մեկ անգամ փաստելը, որ բացառվում է ԼՂՀ հայության ճակատագիրը Ադրբեջանին հանձնելը:










