Ականատես կլինենք աննախադեպ նախագահական ընտրությունների, որն իր տեսակով կլինի ամենաարդարն ու ամենաանարդարը. Գուրգեն Եղիազարյան

12:49 • 12.01.13

«Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքին մաս կազմող Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության անդամ Գուրգեն Եղիազարյանը կանխատեսում է, որ առաջիկայում հայ ժողովուրդն ականատես կլինի պատմության մեջ աննախադեպ նախագահական ընտրությունների, որը նա բնութագրեց որպես ամենաարդարն ու ամենաանարդարն իր տեսակի մեջ։


«Նախ Հայաստանում բացառված է արդար ընտրություն, բայց այս անգամ կլինի ամենաարդար և ամենաանարդար ընտրությունը, քանի որ գործող նախագահը մնացածներից առաջ է Սուտիբեկյանի (նկատի ունի սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանին - Tert.am) ասածները չկրկնեմ, բայց 60-70%-ով առաջ է միանշանակ։ Իսկ ամենաանարդարը կլինի, որովհետև մեր ազգաբնակչության ընտրողների ընդամենը 20%-ը կմասնակցի»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա։


Այդ իսկ պատճառով Գուրգեն Եղիազարյանն ուղղեց ավելի վաղ արված իր հայտարարությունը, թե այս անգամ ընտրակաշառք չի լինելու։ «Սխալ էի ասել, էլի լինելու է ընտրակաշառք, որպեսզի դատարկ ընտրատեղամասեր չլինեն։ Խնդիրը միակ լինելու է այն, որ ՀՀ քաղաքացիներին ընտրատեղամասեր բերեն, այլ խնդիր իշխանությունները չունեն լուծելու»,- ասաց նա։


Նախկին ՀԱԿ անդամ Հրանտ Բագրատյանի առաջադրման և նրան սատարելու մասին ՍԴՀԿ անդամը հրաժարվում է մեկնաբանություն տալ, բայց կարող է հստակ ասել, թե ով կլինի երկրորդ պատվավոր հորիզոնականում։ Ըստ նրա, երկրորդ տեղում պետք է լինի այնպիսի մարդ, որը կընդունի իր պարտությունը։


«Հրանտի համար ոչ մի բան ձեզ չեմ ասելու, որովհետև 5 տարի շարունակ մենք պայքարի մի թևում ենք եղել, և ես պարտավոր եմ դա հիշել։ Իսկ ինչ վերաբերում է երկրորդ տեղին, ապա նա կլինի «լրջագույն» մարտական տրամադրված թեկնածու, որը մի քիչ ծամածռվելուց հետո, թեթևակի կարող ա, գնա նստի Օպերայի բակում, կարող ա մեկուսանա հասարակությունից, կարող ա տանը հացադուլ հայտարարի, բայց չասի ինչու է հայտարարում, գաղտնի պահի, որ չիմանանք դա իր առողջությա՞նն է վերաբերում, թե՝ քաղաքական պայքարի գործիքներից մեկն է։ Հետո ընդունի ընտրությունները»,- ասաց նա։


Իսկ երրորդ կամ չորրորդ տեղերը բաժին կհասնեն նրանց, ովքեր, ըստ նրա, միամիտ կընդունեն իրենց պարտությունը՝ ասելով, որ՝ «դե այսպես եղավ, մենք այդ ռեսուրսը չունեինք»։


Գուրգեն Եղիազարյանն իր խոսքերը հիմնավորում է Սերժ Սարգսյանի և նրա հետ պայքարի դուրս եկած մյուս թեկնածուների «կարողություններով»։


«Սերժ Սարգսյանն ունի յուրայինների, միլիարդատերերի, մեր երկիրը թալանողների 40 ընտանիքից բաղկացած բանակ, օլիգարխ անվան տակ՝ իրենց բոլոր հնարավորություններով՝ ծանոթներով, բարեկամներով, քավոր-սանիկներով ու վախեցրած ոչխարներով։ Բացի այդ, ունի զրահամեքենաներ, հրասայլեր, բանակ, այսինքն՝ լրջագույն ռազմական միավոր, որը եթե պետք լինի, անմիջապես մարտի կնետվի Լեոի և Պրոսպեկտի խաչմերուկում և հաղթող դուրս կգա»,- ասաց նա։


Իսկ թե ինչ ունի դիմացում, նա նշեց. «Ունի, ասենք թե, մի մարդ կամ երկու, երեք, չորս, որոնք կմտածեն, որ առանց ռեսուրսի կարող են դիմակայել այդ հրասայլերին ու մյուս նշված միջոցներին։ Եթե սա ընդամենը ցանկություն ունի գալու, նա ոչ միայն ցանկություն չունի գնալու, այլ շրջապատը նրան դա թույլ չի տա, քանի որ բոլորը կհայտնվեն բանտերում։ Այսինքն՝ այս մեկը պայքարում է, ոչ թե կոնկրետ մի մարդու դեմ, այլ պետական ողջ մեխանիզմի և ոչ սովորական, որովհետև մենք տոտալիտար համակարգում ենք, որի իշխանությունը թքած ունի մարդու իրավունքների վրա և կճզմի, երբ որ կամենա։ Ի՞նչ է մնում այս դեպքում անել. մնում է տիրոջը ծառայելու համար ստեղծել ժողովրդավարության պատրանք, և դա էլ կատարվում է։ Բա ի՞նչ անեն, մենակ թողնեն, որ ասեն մենակ մնաց։ Դրա համար լրջագույնս կգնան, դեբատներ կկազմակերպեն»,- ասաց նա։


Ըստ նրա՝ այս անգամ Ադիբեկյանը թերևս, մի քիչ կսխալվի, և եթե Սերժ Սարգսյանի հավաքած ձայների քանակը 70 % էր կանխատեսում, ապա այս անգամ այն կկազմի մոտ 67,9%։ Գուրգեն Եղիազարյանը հավատացնում է, որ ՀԱԿ-ը չի բոյկոտել և ուշիուշով հետևելու է ընտրություններին։


«Իմ անձնական կարծիքով ՀԱԿ-ն ավելի ակտիվ կլինի փետրվարին, և դեռ կասենք, ի վերջո, ՀԱԿ-ը մեկ անգամ էլ է շանս տվել այս իշխանություններին, որպեսզի արդար ընտրություններ անցկացնեն։ Մենք ուշիուշով հետևելու ենք ընտրություններին»,- ասաց նա և ընդգծեց, որ ՀԱԿ-ն իր հետագա պայքարը պատկերացնում է այնպես, ինչպես պատկերացնում էր սրանից մեկ տարի առաջ, 2 տարի առաջ, 5 տարի առաջ։


«ՀԱԿ-ում ոչ մի բան չի փոխվել, ոչ մի անորոշ բան չկա, և ասեմ ձեզ, որ բավականին առանցքային անդամներ էլ մնացել են»,- ասաց նա։


Ի դեպ, ՀԱԿ անդամը խոստովանեց, որ ինքը չի մասնակցելու այս ընտրություններին։ «Այս անգամ քաղաքացիական պարտքս չեմ կատարելու, որովհետև համարում եմ, որ այսպես շարունակել չի կարելի։ Մենք պետք է սթափվենք և հասկանանք, որ առանց լրջագույն ընտրական համակարգի մեր երկիրը զարգացնել չենք կարող»,- եզրափակեց նա։