Վրաստանի խորհրդարանի նախագահը ստորագրել է «Համաներման մասին» օրենքը, որից հրաժարվել էր Սաակաշվիլին

13:32 • 12.01.13

Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիդ Ուսուպաշվիլին օգտվել է իր օրենսդրական իրավունքից և այսօր ստորագրել «Համաներման մասին» օրենքը, հայտնում է Газета-ն։

Խորհրդարանի նախագահն օգտվել է իր իրավունքից այն բանից հետո, երբ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին երկրորդ անգամ հրաժարվել է ստորագրել տվյալ օրենքը։

 

«Համաներման մասին» օրենքը խորհրդարանի կողմից հաստատվել է դեկտեմբերի 21-ին, սակայն դեկտեմբերի 27-ին Վրաստանի նախագահը վետո է դրել օրենքի մի մասի վրա, որն առնչվում է քաղբանտարկյալներին և անչափահասների նկատմամբ հանցագործություն իրականացրած անձանց։

Դեկտեմբերի 28-ին օրենսդրական մարմինը հաղթահարել է նախագահական վետոն, ինչից հետո այն կրկին ուղարկվել է նախագահի ստորագրմանը։


Ուսուպաշվիլիի խոսքով՝ այս օրենքի ընդունումը բանտերում նորմալ պայմանների բացակայության փոխհատուցումն է։

«Այսուհետ ոչ ոք չի հետապնդվի իր քաղաքական հայացքների և այլակարծության համար»,- ասել է խորհրդարանի նախագահը։

 

Այս օրենքի ուժի մեջ մտնելուց հետո, նախնական տեղեկության համաձայն, առաջինը կալանավայրերը կլքեն այն անձինք, որոնք խորհրդարանի որոշմամբ ճանաչվել են քաղբանտարկյալ։