Սիրիահայ բժիշկներն ապահովվում են աշխատանքով
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր հերթական հանդիպումն է ունեցել վերջին շրջանում Սիրիայից գաղթած բժիշկների հետ։ Քննարկման հիմնական թեման եղել է նրանց աշխատանքի տեղավորման հարցը։ Հանդիպմանը ներկա են եղել գրեթե բոլորը` մոտ 50 բժիշկ, որոնցից 20-ն արդեն ապահովվել է աշխատանքով։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը, դեռ նախորդ հանդիպման ընթացքում մի խումբ սիրիահայ մասնագետներ մասնավոր առանձին կլինիկա բացելու ցանկություն էին հայտնել։ Այս անգամ ավելի է հստակեցվել, թե նախարարությունն ինչ հարցերում կարող է աջակցել, և այդ ուղղությամբ Դերենիկ Դումանյանն իր տեղակալներին կոնկրետ հանձնարարականներ է տվել։
Մեկ անգամ ևս ճշգրտվել են նախարարությունում սիրիահայ գործընկերների մասին հավաքագրված տվյալները` ով ինչ մասնագիտություն ունի և որ ոլորտում է նախընտրում աշխատել։
Հենց քննարկման ընթացքում բժիշկներից մեկը համաձայնել է աշխատել մոտակա մարզում։ Մի քանի ստոմատոլոգների և երկու դեղագետի ևս կոնկրետ աշխատանք է առաջարկվել։ Որոշ առաջատար մասնագետներ էլ ցանկություն են հայտնել զբաղվել նաև դասախոսական աշխատանքով` ինչպես Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, այնպես էլ` ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության բժշկական քոլեջներում։
Դերենիկ Դումանյանը վստահեցրել է, որ հանդիպման ընթացքում բարձրացրած հարցերին մոտ օրերս լուծում կտրվեն, և բոլոր մասնագետներին աշխատանք կառաջարկվի։ Այդ նպատակով նախարարը խոստացել է բանակցել նաև մասնավոր դեղարտադրողների հետ։
Սիրիահայ բժիշկների խնդրանքով այսուհետ յուրաքանչյուր ամսվա առաջին շաբաթ օրը պարբերաբար հանդիպումներ կկազմակերպվեն նախարարի հետ։










