ԱՄՆ-ն «Մահվան աստղ» չի կառուցի՝ անտեսելով հազարավոր ամերիկացիների խնդրանքը

12:34 • 12.01.13

ԱՄՆ իշխանությունները, չնայած 34.000 ամերիկացիների ստորագրությամբ խնդրագրին, մտադիր չեն կառուցել «Աստղային պատերազմներ» ֆիլմի «Մահվան աստղը» (մարտական տիեզերակայան, որն ունակ է մոլորակներ ոչնչացնել)՝ դրա թանկության ու խոցելիության պատճառով. այն կարող է ոչնչացվել ընդամենը մեկ ոչ մեծ տիեզերանավով, ինչպես դա արել է ֆիլմի հերոս Լյուկ Սքայուոքերը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով Սպիտակ տան կայքը։

 

Խնդրագրում, որը հրապարակվել է նոյեմբերի 14-ին և որն արդեն ստորագրել է 34.400 ամերիկացի, նշվում է մինչև 2016թ. «Մահվան աստղ» կառուցելու անհրաժեշտության մասին՝ լրացուցիչ աշխատատեղեր ստեղծելու և ԱՄՆ-ի ազգային անվտանգության ամրապնդման նպատակով։

 

Սպիտակ տան բյուջետային ստորաբաժանման տիեզերական ուսումնասիրությունների բաժնի ղեկավար Փոլ Շոքորսը նշել է, որ նման մտադրություն Սպիտակ տունը չունի։

 

Նա հայտնել է, որ «Մահվան աստղն» ԱՄՆ-ին կարժենա 850 կվադրիլիոն դոլար, ինչն անթույլատրելի է ներկայիս պայմաններում, երբ «ջանքեր են գործադրվում բյուջեի դեֆիցիտը կրճատելու ուղղությամբ»։