Դամասկոսը հերքել է Տաֆտանազի ավիաբազայի գրավման մասին լուրը
Սիրիայի իշխանություններն այսօր հերքել են լրատվամիջոցներում տարածված տեղեկությունն այն մասին, որ ապստամբները գրավել են Տաֆտանազում տեղակայված Սիրիայի ռազմաօդային ուժերի ռազմավարական բազան։
Այս մասին հայտնում է Взгляд-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությանը։
Գործակալության տվյալների համաձայն՝ կառավարական զորքերը հետ են մղել գրոհայիններին։
Այդ ռազմավարական կարևորագույն օբյեկտը պաշտպանող մարտիկները «ոչնչացրել են հակառակորդի ուժերն ու տեխնիկան, իսկ այնուհետ փախուստի դրդել ահաբեկիչներին», ասվում է հաղորդագրության մեջ, որը հայտնվել է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ի տրամադրության տակ։
Գրոհայինները սպառնում են նաև Հալեպի մերձակայքում տեղակայված ռազմաբազաներին։
Հինգշաբթի Al-Jazeera և Al-Arabiya հեռուստաալիքները հայտնել էին, որ զինված գրոհայինները հայտարարել են Տաֆտանազի ռազմաօդային բազայի գրավման մասին։ Հաղորդվում էր, որ ռազմաբազան, որտեղ գտնվում է մոտ 60 ուղղաթիռ, ամբողջությամբ անցել են ապստամբների հսկողության տակ։










