Խոսքի ազատությունը վերջին տարիներին ՀՀ-ում էապես ամրապնդվել է. վարչապետը շնորհավորեց ԶԼՄ ներկայացուցիչներին (լուսանկարներ)
Հայաստանի Հանրապետությունում զանգվածային լրատվական միջոցների դերակատարությունը վերջին տարիներին ենթարկվել է որակական փոփոխությունների: ԶԼՄ-ների մասին իր կարծիքն այսօր Կառավարության ընդունելությունների դահլիճում տոնական ընդունելությանը հայտնեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա ՀՀ կառավարության և անձամբ իր անունից շնորհավորեց ԶԼՄ ներկայացուցիչներին Ամանորի և Սուրբ ծննդյան կապակցությամբ` ցանկանալով 2013թ.-ին բեղմնավոր և հետաքրքիր աշխատանք:
«Քաղաքացիական հասարակության կայացումը առանց ԶԼՄ-ի գործուն մասնակցության անհնարին է: Ըստ էության, դուք այն չափանիշն եք, որով մենք կարող ենք դատել, թե որքանով է հասուն քաղաքացիական հասարակությունը մեզանում: Առաջին հերթին, դա պայմանավորված է այն ազատություններով, որոնք տիրում են այս բնագավառում: Կարծում եմ, որ կհամաձայնեք այն գնահատականի հետ, որ խոսքի ազատությունը վերջին տարիներին ՀՀ-ում էապես ամրապնդվել է»,- ասաց վարչապետը:
Վարչապետը նշեց, որ միևնույն ժամանակ ԶԼՄ-ների առջև կանգնում են նոր խնդիրներ: Նա ընդգծեց, որ այս արագ փոփոխվող աշխարհում ԶԼՄ-ն պետք է կարողանա ճիշտ կողմնորոշվել անորոշություների մեջ և ճիշտ գնահատականներ տալ ու ճիշտ ուղղորդել հանրությանը:
«Կառավարության գործունեության լուսաբանման տեսանկյունից, նույնպես կհամաձայնեք, որ կառավարությունը ուշադրության կենտրոնում է պահոմ ձեր բոլոր վերլուծական նյութերը և հաճախակի անդրադառնում է քննադատություններին: Դուք տեսնում եք, որ հաճախակի են դարձել այն դեպքերը, երբ ձեր կողմից բարձրացված խնդիրները դառնում են Կառավարութան քննարկման առարկա և ստանում են լուծումներ»,-ասաց Տիգրան Սարգսյանը:
Վարչապետը հույս հայտնեց, որ ապագայում էլ երկկողմանի համագործակցությունը նպաստելու է ԶԼՄ-ների կայացման գործընթացին:
Ընդունելության ընթացքում Կառավարության գործունեությունը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու համար մի շարք լրագրողներ, խմբագրեր և ԶԼՄ տնօրեններ պարգևատրվեցին ՀՀ վարչապետի հուշանվերով` անվանական ժամացույցով և խրախուսվեցին Շնորհակալագրերով:










