Դեպարդյեն Ռուսաստանի ընդդիմիությանը անծրագիր է անվանել

19:22 • 13.01.13

Ռուսական ընդդիմությունը գործում է չհամակարգված, չնայած, որ խելացի մարդիկ առկա են, հայտարարել է վերջերս ՌԴ քաղաքացիություն ստացած Ժերար Դեպարդյեն, հաղորդում է РИА Новости գործակալությունը:


Իր հերթին, դրան ի պատասխան, ռուսական «Ձախ ճակատի» համակարգող Սերգեյ Ուդալցովը ֆրանսիական դերասանին հրավիրել է մասնակցել առաջիկա բողոքի ակցիային:


«Ռուսական ընդդիմությունը ծրագիր չունի, ոչինչ չունի: Կան շատ խելացի մարդիկ, ինչպես Կասպարովը, սակայն դա լավ է շախմատի համար և վերջ: Սակայն քաղաքականությունը շատ ավելի բարդ է», - հայտարարել է Դեպարդյեն Вести недели ծրագրին տված հարցազրույցում:


«Եթե Ժերար Դեպարդյեն քաղաքացիություն է ստանում, հետաքրքրվում է մեր երկրի քաղաքական կյանքով, ես լսել եմ, որ նա նաև ընդդիմության մասին է արտահայտվում… ապա ի՞նչու նրան չհրավիրենք: Դրա համար հաջորդ ակցիային մենք ուրախ կլինենք նրան տեսնել, խնդրեմ, համեցեք», - ասել է Ուդալցովը:


Հիշեցնենք, որ հունվարի 6-ին Դեպարդյեն ռուսական անձնագիր ստացավ: Դերասանը հայտարարել էր, որ, ամենայն հավանականությամբ, չի բնակվի մեգապոլիսներից մեկում, և ցանկություն էր հայտնել կացարան գնել գյուղական հատվածում: