Եգիպտոսում հարձակվել են ընդդիմադիրների վրանային ճամբարի վրա. կա 10 վիրավոր
Անհայտ խումբը երեկ հարձակում է գործել Եգիպտոսի նախագահական նստավայրի առջև վրանային ճամբար հիմնած ընդդիմադիրների վրա. արդյունքում վիրավորվել է 10 մարդ, տեղեկացնում է Ria Novosti լրատվական գործակալությունը։
Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն՝ մի քանի խմբեր տարբեր կողմերից դյուրավառ նյութերով լի շշեր են նետել ընդդիմադիրների վրանների ուղղությամբ։Մի քանի վրաններ հրդեհվել են։
Հարձակվողների և ցույցի մասնակիցների միջև ծեծկռտուք է սկսվել՝ հենց նստավայրի մոտակայքում։
Բախումների տարածումը կանխելու և նախագահական նստավայրի մոտից նրանց հեռացնելու նպատակով ոստիկանությունը ստիպված է եղել արցունքաբեր գազ կիրառել։
Վերջին տվյալներով՝ պիկետի ավելի քան 10 մասնակիցներ վնասվածքներ են ստացել, ոմանք, ծանր վնասվածքներով, տեղափոխվել են հիվանդանոց։
ՆԳՆ-ն տեղեկացրել է, որ իրավիճակը վերահսկողության տակ վերցնելու ընթացքում վիրավորվել են նաև ներքին զորքերի մեկ սպա և 6 ոստիկան։
Մի քանի ամիս առաջ նախագահ Մուհամմեդ Մուրսիի նստավայրի մոտ մի քանի օր շարունակ բախումներ էին տեղի ունեցել նախագահի կողմնակիցների ու իսլամիստական կուսակցության և ընդդիմադիրների միջև։ Այդ ընթացքում զոհվել էր 8, վիրավորվել մի քանի հարյուր մարդ։










