Նախագահական ընտրությունների առաջին փուլն աղետալի էր աջ ուժերի համար. Չեխիայի նախագահ
Չեխիայում ուրբաթ և շաբաթ օրերին կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլը աղետի վերածվեց երկրի աջ ուժերի համար, այս մասին հայտարարել է երկրի նախագահ Վացլավ Կլաուսը, հաղորդում է ИТАР-ТАСС գործակալությունը:
«Այս ընտրությունները հետկոմունիստական շրջանում ամենամեծ աղետը դարձան աջ ուժերի համար, ես անչափ տխուր եմ: Իհարկե, դա սարսափելի պարտություն էր Քաղաքացիական ժողովրդավարական կուսակցության համար, և հաղթանակը բացահայտորեն պատկանում է ձախերին: Ես խիստ մտահոգ եմ և կարծում եմ, որ պետք է որևէ բան ձեռնարկել», - ասել է նախագահը:
Միաժամանակ, չեխական պետության ղեկավարը իր հավանությունն է արտահայտել առաջին փուլում հաղթած երկու թեկնածուներ` Միլոշ Զեմանի և Կարել Շվարցենբերգի հաղթանակի կապակցությամբ: «Լավ է, որ չհաղթեց որևէ «էկզոտիկ» անձ: Եվ Զեմանը, և Շվարցենբերգը գիտեն, թե ինչ է նախագահի պաշտոնը», - ասել է Կլաուսը:
«Էկզոտիկ» անձ բնութագրմամբ Վացլավ Կլաուսը, հավանաբար, նկատի ուներ արտասովոր արտաքինով թեկնածուներից մեկին:
Առաջին փուլի ժամանակ Քաղաքացիական ժողովրդավարական կուսակցության թեկնածու, սենատոր Պշեմիսլ Սոբոտկան 10 թեկնածուներից նախավերջինն էր դարձել՝ ստանալով ընտրողների ձայների միայն 2,5 տոկոսը: Աջակողմյան այդ կուսակցության հիմնադիրներից մեկը և երկարամյա նախագահը երկրի գործող նախագահ Վացլավ Կլաուսն է:
Չեխիայում նախագահի ընտրությունների երկրորդ` որոշիչ փուլը, տեղի կունենա հունվարի 25-ին և 26-ին:










