Թալիբները մահապատժի են ենթարկել աֆղանցի զույգին` ԱՄՆ-ի համար լրտեսություն կատարելու մեղադրանքով

20:53 • 13.01.13

«Թալիբան» ծայրահեղական շարժման գրոհայինները կիրակի օրը մահապատժի են ենթարկել մի աղջկա և նրա ամուսնուն` «ԱՄՆ օգտին լրտեսություն կատարելու» համար: Риа Новости-ն` հղում կատարելով Պաժվակ գործակալությանը, հայտնում է, որ դեպքը տեղի է ունեցել Վարդակ նահանգում:


Գործակալությունը մանրամասնում է, որ աղջիկը Չակ շրջանում լուսանկարում էր շրջակա տարածքը: Տեղի բնակիչը, ով ցանկացել է անհայտ մնալ, հայտնել է, որ աֆղանուհին վերջերս էր վերադարձել ԱՄՆ-ից:


Ըստ ոստիկանության տեղեկությունների՝ առավոտյան սպանված զույգը հայտնաբերվել էր Խադժա Օմարի տարածքում, որտեղ թալիբները սովորաբար թողնում են իրենց զոհերի դիակները: Սպանված աղջկա մարմնի վրա դրված էր նամակ, որում նշվում էր, որ մահապատժի ենթարկվածը ամերիկյան լրտես էր: