Թբիլիսիի Գլդանի բանտից ազատ են արձակվել հայ 2 անվանի գործիչներ
Վրաստանի խորհրդարանի կողմից 2012 թվականի դեկտեմբերին ընդունված համաներման մասին օրենքի համաձայն, այսօր մյուս 190 կալանավորի հետ միասին Թբիլիսիի Գլդանի համար 8 կալանավայրից ազատվել են նաև Աջարիայի հայ համայնքի անվանի գործիչներ Արմեն Գևորգյանը և Ռուբեն Շեկոյանը, տեղեկացնում են Վիրահայոց Թեմի մամլո դիվանից։
Հարազատների և ընկերների ուղեկցությամբ, ովքեր վաղ առավոտից գտնվում էին կալանավայրի բակում, նախկին կալանավորները ուղևորվել են Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցի, որտեղ նրանց դիմավորել է Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը՝ հոգևոր դասի և պաշտոնեության հետ միասին:
Սրբազան հայրը եկեղեցում աղոթել է և օրհնել Արմեն Գևորգյանին և Ռուբեն Շեկոյանին: Թեմակալ Առաջնորդն իր խոսքում բարձր է գնահատել նոր իշխանությունների արդար և մարդասիրական դրսևորումները, շնորհավորեց և իր հոգևոր խոսքով բարեմաղթել երիտասարդներին:
Հիշեցնենք, որ Արմեն Գևորգյանը և Ռուբեն Շեկոյանը ձերբակալվել էին և դատապարտվել 11 տարվա ազատազրկման:
Իր խոսքում Արմեն Գևորգյանը իր և մյուս քաղբանտարկյալների անունից երախտագիտություն է հայտնել Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին, հոգևոր դասին, կալանավայրերի հետ տարվող աշխատանքների պատասխանատու Տեր Հուսիկ քահանա Հարությունյանին և առաջնորդի օգնական Միքայել Ավագյանին, ովքեր 2 տարի 2 ամիս շարունակ մշտապես այցելել են նրանց կալանավայրերում գտնված ժամանակահատվածում, քաջալերել են և հուսադրել:
Նա նաև իր շնորհակալությունն է հայտնել Վրաստանի նոր իշխանություններին, խորհրդարանին և հայ և վրացի մարդու իրավունքների պաշտպաններին, ովքեր, նրա խոսքով, ջանք ու եռանդ չեն խնայեցին նրանց ազատման հարցում:
Արմեն Գևորգյանը երկար տարիներ եղել է Աջարիայի հայ համայնքի ղեկավարը և 90-ական թվականներին կազմակերպել է Բաթումի «Սուրբ Փրկիչ» եկեղեցու վերանորոգման աշխատանքները, որոնք ավարտին են հասել 1996 թվականին:
Արմեն Գևորգյանը և Ռուբեն Շեկոյանը մեծ հարգանք են վայելում Աջարիայի Ինքնավար Հանրապետությունում ոչ միայն հայերի, այլև Աջարիայում բնակվող ողջ ազգաբնակչության կողմից:
Վիրահայոց Թեմի մամլո դիվանից նաև տեղեկացնում են, որ մոտ ժամանակներում սպասվում է նաև հայազգի գործիչ, քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի ազատումը:










