Վահագն Չախալյանը դուրս է մնացել «Համաներման մասին» օրենքով ազատ արձակվածների ցանկից. փաստաբան

10:53 • 14.01.13

Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունված «Համաներման մասին» օրենքը չի տարածվի ջավախահայ քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի վրա, այսինքն՝ նրան դեռևս ազատ չեն արձակի. այս մասին այսօր Tert.am-ին ասաց Չախալյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանը։


Մինչդեռ, շաբաթ օրը նա հավաստիացրել էր, որ Վահագն Չախալյանը երեկ՝ կիրակի առավոտյան պետք է ազատ արձակվեր։


«Իմ տեղեկություններով ոչ միայն նա, այլ ցուցակով ներկայացված մի շարք քաղաքական գործիչներ, ովքեր քաղաքական հայացքների համար են դատապարտված և որոնց թվում նաև մի քանի հայեր կան, առավոտյան ազատ կարձակվեն»,- ասել էր նա։
 


Ըստ Ստեփան Ոսկանյանի, Վ. Չախալյանը ներկայացված քաղբանտարկյալների ցուցակից ավելի վաղ հանվել էր։ «Քանի որ ցուցակներում ներգրավված չէր, այդ իսկ պատճառով համաներման ակտի ուժով ազատ չարձակվեց, չնայած որ համաներման ակտը տարածվում է այն հոդվածների վրա, որով Չախալյանը դատապարտվել էր, բայց նրան ազատ չարձակեցին, քանի որ ցուցակում չկար։ Ցուցակից պարզապես հանվել էր մի քանի անձանց անուններ, այդ թվում նաև Վահագն Չախալյանի անունը»,- պարզաբանեց փաստաբանը։


Ստեփան Ոսկանյանը նշեց, որ այս պահին չի կարող ասել, թե ինչ պատճառաբանությամբ են նրան ցուցակից հանել և ինչ կարող են իրենք անել ցուցակում նրա անունը հայտնվելու համար։ «Ազատվելը գործընթաց է, որը տեղի կունենա որոշակի ժամանակ հետո, բայց այս պահին դեռ չի արձակվի։ Ես ստույգ ինֆորմացիա կարող եմ ասել, երբ տեսակցեմ Վահագնի հետ, այս պահին չեմ կարող ասել, թե որն էր պատճառը և ինչ պետք է անենք»,- եզրափակեց նա։


Նշենք, որ Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիդ Ուսուպաշվիլին օգտվել է իր օրենսդրական իրավունքից և շաբաթ օրը ստորագրել էր «Համաներման մասին» օրենքը։ Խորհրդարանի նախագահն օգտվել է իր իրավունքից այն բանից հետո, երբ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին երկրորդ անգամ հրաժարվել է ստորագրել այն։

 

«Համաներման մասին» օրենքը խորհրդարանի կողմից հաստատվել էր դեկտեմբերի 21-ին, սակայն դեկտեմբերի 27-ին Վրաստանի նախագահը վետո էր դրել օրենքի մի մասի վրա, որն առնչվում է քաղբանտարկյալներին և անչափահասների նկատմամբ հանցագործություն իրականացրած անձանց։

 

Դեկտեմբերի 28-ին օրենսդրական մարմինը հաղթահարել էր նախագահական վետոն, ինչից հետո այն կրկին ուղարկվել է նախագահի ստորագրմանը։


Ուսուպաշվիլիի խոսքով՝ այս օրենքի ընդունումը բանտերում նորմալ պայմանների բացակայության փոխհատուցումն է։ «Այսուհետ ոչ ոք չի հետապնդվի իր քաղաքական հայացքների և այլակարծության համար»,- ասել է խորհրդարանի նախագահը։


Հիշեցնենք, որ Վահագն Չախալյանը ձերբակալվել է վրաց իշխանությունների կողմից 2008թ. հուլիսի 21-ին։ 2009թ. ապրիլի 7-ին դատավարության արդյունքում դատապարտվել է 10 տարվա ազատազրկման «հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպման», «խուլիգանության» և «զենքի պահպանման» շինծու մեղադրանքներով:


Նշենք նաև, որ «Համաներման մասին» օրենքի համաձայն, երեկ 190 կալանավորի հետ միասին Թբիլիսիի Գլդանի համար 8 կալանավայրից ազատվել էին նաև Աջարիայի հայ համայնքի անվանի գործիչներ Արմեն Գևորգյանը և Ռուբեն Շեկոյանը։