Չինաստանում 11 միլիարդ դոլար արժողությամբ օդանավակայան կկառուցեն

21:33 • 14.01.13

Չինաստանի իշխանությունները հաստատել են Պեկինում նոր օդանավակայան կառուցելու ծրագիրը: Օդանավակայանը, որի շինարարությունը կարժենա 11.2 միլիարդ դոլար, իր առաջին ուղևորներին կընդունի 2018 թվականին, իսկ ամբողջ ծավալով կաշխատի 2025 թվականից սկսած: Այս մասին գրում է Lenta.ru կայքը` հղում կատարելով The China Daily-ին:


Չինաստանի մայրաքաղաքում նոր օդանավակայանի կառուցումը կապված է այն հանգամանքի հետ, որ հինը աշխատում է իր հնարավորությունների առավելագույնի չափով, իսկ ուղևորների թիվը տարեցտարի ավելանում է: Պեկինի օդանավակայանը, որը ուղևորափոխադրումների ծավալով զիջում է միայն Ատլանտայի օդանավակայանին, անցյալ տարվա ընթացքում ընդունել է 81 միլիոն ուղևոր:


Նոր օդանավակայանը կկարողանա տարեկան 70 միլիոն ուղևոր ընդունել: Նախատեսվում է, որ այն կունենա 7 թռիչքուղի, որոնցից 6-ը կսպասարկեն քաղաքացիական ավիացիային, իսկ մեկը կօգտագործվի ռազմական ինքնաթիռների կողմից: Պեկինի կենտրոնի հետ օդանավակայանը կապված կլինի 37 կմ երկարություն ունեցող երկաթգծով: Կենտրոնից օդանավակայան հասնելու համար կպահանջվի 30 րոպե:


Չինաստանի իշխանությունները նոր օդանավակայան ցանկանում էին կառուցել դեռևս 2008 թվականին, սակայն Պետական խորհուրդը և զինվորականները ծրագրին հավանություն չէին տալիս: Պատճառը նրանում էր, որ նոր օդանավակայանը պետք է գտնվեր Նանյուանյա օդանավակայանի հարևանությամբ, որը հիմնականում օգտագործվում է չինական բանակի կողմից: