«Դալմայի այգիներում» դաժան սպանություն կատարած տղամարդը սառնասրտորեն պատմում է իր արածի մանրամասները (տեսանյութ)

12:08 • 14.01.13

Ոստիկանությունն իր կայքում տեղադրել է հունվարի 3-ին «Դալմայի այգիներում» տեղի ունեցած դաժան սպանության վերաբերյալ տեսանյութը, որտեղ սպանվածի հայրը և սպանության հեղինակը ներկայացնում են դեպքի առնչությամբ իրենց մեկնաբանությունները։
 


Հիշեցնենք, որ Ոստիկանության Մալաթիայի բաժին հունվարի 4-ին դիմել էր մի տղամարդ և հաղորդում տվել, որ իր որդին` 1965 թ. ծնված Արա Հունանյանը, հունվարի 3-ին, ժամը 14.00-ին, դուրս է եկել տնից և չի վերադարձել:


Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների շնորհիվ, հունվարի 8-ին, ժամը 17.50-ին, Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի հարակից «Դալմայի Այգիներ» այգեգործական տարածքում, 1960թ. ծնված Սերգո Երեմյանին պատկանող տնակի հետնամասում հայտնաբերվել էր Արա Հունանյանի դիակը` մասնատված վիճակում:


Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ և քննչական համատեղ միջոցառումների շնորհիվ հունվարի 10-ին՝ ժամը 12։45-ին, Կուրղինյան փողոցի 15 շենքից, սպանություն կատարելու կասկածանքով, բերման էր ենթարկվել 1960թ. ծնված Սերգո Ե.-ն։
 


Ոստիկանության կայքում տեղադրված վերջին տեղեկատվության համաձայն հաղորդումն ստանալուն պես ոստիկանները ձեռնամուխ են եղել Հունանյանին հայտնաբերելու գործին: Առաջնահերթ զրույցներ են անցկացվել անհետ կորածի ծանոթ-հարազատների հետ, հեռախոսագրեր են ուղարկվել ոստիկանության Երևան քաղաքի վարչություն և բաժիններ, ոստիկանության մարզային վարչություններ, հարցումներ են ուղարկվել մայրաքաղաքի բոլոր կլինիկական հիվանդանոցներ և դիահերձարաններ, Արա Հունանյանի լուսանկարն ուղարկվել է նաև ոստիկանության ՀԿԼ վարչություն` հեռուստատեսությամբ ցուցադրելու համար:

 

Ոստիկանության կայքի համաձայն՝ անհետ կորածի շրջապատից ստացած որոշ տեղեկություններ հակասական են եղել, և առժամանակ նույնիսկ շեղել են քննության ընթացքը: Սկզբնական շրջանում հայտնի է եղել միայն, որ ընտանեկան անախորժությունների պատճառով Հունանյանի կինը շուրջ մեկ տարի առաջ բաժանվել էր և ապրում էր հայրական տանը: Այդ ընթացքում փոխվել էր նաև Հունանյանի ապրելակերպը: Փորձելով խեղդել բաժանման դառնությունը` նա սկսել էր սփոփանք գտնել ոգելիցի մեջ:


Հետագա աշխատանքով ի հայտ է եկել նաև այլ հանգամանքներ և հստակեցվել է որոնումների շրջանակը:
Հունվարի 8-ի վաղ առավոտյան Դալմայի այգիներում, հիշյալ տնակի հետնամասում կատարված զննությամբ, չոր խոտերի տակ հայտնաբերվել են արյունոտ շորեր և պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ անհետ կորածի` Արա Հունանյանի դիակն էր:
ԱԻՆ աշխատակիցների հետ դուռը բացելուց հետո ոստիկանները տնակում հայտնաբերել են արյան հետքեր: Պարզ է եղել, որ սպանությունը կատարվել էր հենց այս տնակում:


Հունվարի 10-ին, ժամը 12.45-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի աշխատակիցները ղեկավարությանը զեկուցել են, որ սպանությունը բացահայտված է: Խաչաձև հարցաքննությունների և անհերքելի ապացույցների ճնշման տակ Սերգո Երեմյանը խոստովանել է մեղքը, պատմեց սահմռկեցուցիչ դեպքի մանրամասները:


1960 թ. ծնված Երեմյանը սպանության համար արդեն մեկ անգամ դատապարտվել էր դեռևս 1983 թվականին: 13 տարի կալանավայրում անցկացնելուց հետո Երեմյանը կրկին կանգնելու է դատարանի առաջ` նույն հանցանքի համար:
Կատարվում է նախաքննություն:


Մանրամասները՝ կից տեսանյութում։