ICES-ի փորձագիտական կենտրոնը ձևավորել է Հայաստանի նախագահական ընտրությունների դիտորդական առաքելություն

21:12 • 14.01.13

Այսօր, հունվարի 14-ին, Մաաստրիխտում տեղի է ունեցել աշխատանքային սեմինար, որը կազմակերպվել էր Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի (ICES) կողմից: Սեմինարի արդյունքում ձևավորվել է Հայաստանի 2013թ. փետրվարի 18-ի նախագահական ընտրություններին ICES դիտորդական առաքելություն վերջնական կազմը, այս մասին ասվում է Կենտրոնի պաշտոնական կայքում:

Դիտորդական առաքելությունը, որը բաղկացած է 35 փորձագետներից, կգլխավորի ICES-ի նախագահ, 15-րդ գումարման Կնեսետի պատգամավոր Ալեքսանդր Ցինկերը:

Առաքելության կազմում կլինեն Եվրոպական միության 10 երկրներ, ԱՄՆ-ն և Իսրայելը ներկայացնող միջազգային փորձագետներ:


Առաքելության կազմում ձևավորված են 3 ֆունկցիոնալ խմբեր` «քաղաքական», որում ներառվել են Եվրոպական խորհրդարանի և ազգային խորհրդարանների պատգամավորներ և քաղաքագետներ, «իրավաբանական»` իրավաբաններ և նախկին դիվանագետներ, «ԶԼՄ»` քաղաքական տեսաբաններ և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Երկարաժամկետ դիտորդների խումբը, որն իր առաքելությունը սկսում է 2013 թ. փետրվարի 1-ին, ներառում է 8 փորձագետներ:


Խումբը նախատեսում է հանդիպումներ կազմակերպել նախագահական թեկնածուների, խորհրդարանական ֆրակցիաների ղեկավարների, կենտրոնական և մարզային ընտրական կոմիտեների անդամների և հայկական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ:

 

Կարճաժամկետ դիտորդական խումբը, որը պետք է դիտարկի ընտրական գործընթացը, ձայների հաշվարկը և ընտրությունների արդյունքների ամփոփումը, Հայաստան կժամանի փետրվարի 14-ին:

 

Ընտրությունների օրը բոլոր դիտորդները կբաշխվեն Հայաստանի քաղաքներով՝ առավելագույն թվով տարածքային ընտրական տեղամասերի դիտարկում կազմակերպելու նպատակով:

 

Սեմինարի ժամանակ փորձագետները ծանոթացել են առաքելության առաջին միջանկյալ զեկույցի բովանդակությանը, որը ներկայացվել էր Երևանում 2012թ. դեկտեմբերի մամուլի ասուլիսի ժամանակ:


ICES-ի առաքելությունն ընդհանուր առմամբ բավարար է գնահատում նախընտրական փուլի նախապատրաստումն ու սկիզբը`


• Հասաստանի ընտրությունների օրենսդրական բազան հիմնականում համապատասխանում է միջազգային ժողովրդավարական նորմերին: Ընտրական օրենսգիրքը, չնայած մի շարք դիտողություններին, բավականին համապարփակ կերպով է նկարագրում բոլոր ընտրական գործընթացների կարգը: Ընտրական օրենսգրքի կետերի խիստ պահպանումը կարող է ապահովել երկրի քաղաքացիների քվեարկության թափանցիկությունը:

 

• Առաքելությունը  որպես դրական փաստ է դիտարկում ընդունված ընտրական օրենսգրքի անփոփոխությունը, ինչը ընտրական գործընթացի բոլոր մասնակիցներին հնարավորություն է տալիս նախապես ծրագրել իրենց գործունեությունը:

 

• Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր գործունեությունը իրականացնում է՝ պահպանելով ժամանակացույցը և ընտրական գործընթացի փուլերը` ընտրական օրենսգրքի համապատասխանությամբ:

 

• Առաքելությունն ընտրական գործընթացի բոլոր մասնակիցներին կոչ է անում ձեռնպահ մնալ գործողություններից և հայտարարություններից, որոնք կարող են հանգեցնել իրադրության շիկացման և կասկածներ սերմանել ընտրությունների արդյունքների վերաբերյալ, իսկ իշխանական կառույցներին` բարձրացնել օրենքի հավասար կիրառման ապահովման պատասխանատվությունը և ապահովել օրենքը խախտող մեղավորների պատժի ժամանակին իրականացումը:

 

• Առաքելությունը կարծում է, որ ընտրական գործընթացի բոլոր մասնակիցները պետք է արդեն իսկ նախընտրական փուլում հայտարարեն արդար և թափանցիկ ընտրական արշավ անցկացնելու պատրաստակամության մասին, ինչպես նաև, արդար ընտրությունների անցկացման դեպքում, ընդունեն դրանց արդյունքները, անկախ նրանից, թե կարողացել են նրանք հասնել նախատեսված արդյունքներին, թե ոչ: Հենց դրանում էլ կայանում է ժողովրդավարության էությունը:


• Առաքելությունը հույս է հայտնում, որ նախընտրական փուլը, ընտրությունների անցկացման օրը և քվեարկության արդյունքների ամփոփումը երկրում կանցնեն առանց իրավիճակի սրման և իրավական դաշտի շրջանակներում: Իսկ ինքնին ընտրությունները համապատասխան կլինեն ընդունված միջազգային չափանիշներին:

 

ICES-ի փորձագիտական կենտրոնը` հասարակական շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը ստեղծվել է 2005թ.: Գրանցված է ՄԱԿ-ի կողմից և ներառված է միջազգային ոչկառավարական կազմակերպությունների ցանկում, որոնք ընդունել են Ընտրությունների միջազգային դիտարկման սկզբունքների հռչակագիրը և միջազգային դիտորդների վարքագծի կոդեքսը, որը ՄԱԿ-ի կողմից ընդունվել է 2005թ.:

 

Առաքելության աշխատանքի կազմակերպումն ու մեթոդաբանությունը իրականացվում է նշյալ հռչակագրի շրջանակներում: