ՀՀ–ում Ինդոնեզիայի նոր դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել Էդվարդ Նալբանդյանին
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է Հայաստանում Ինդոնեզիայի նորանշանակ դեսպան Նինիեկ Կուն Նարյաթիին (Niniek Kun Naryatie) (նստավայրը՝ Կիև), որը նախարարին է հանձնել իր հավատարմագրերի պատճենը, այս մասին տեղեկացնում են ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից։
Ողջունելով հյուրին և շնորհավորելով նրան նշանակման կապակցությամբ`
նախարար Նալբանդյանը նշել է, որ ջերմությամբ է հիշում անցյալ տարվա
օգոստոսին այցելությունը Ջակարտա, Ինդոնեզիայի ԱԳ նախարար Մարտի
Նատալեգավայաի հետ հանդիպումը և ձեռք բերված պայմանավորվածությունները։
Էդվարդ Նալբանդյանը նաև հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր կարևոր ներդրումը կունենա այդ պայմանավորվածությունների իրականացման գործում։
Նախարարը նաև նշել է, որ Հայաստանը, կարևորելով Ինդոնեզիայի հետ հարաբերությունները, նախատեսում է այս տարի դեսպանատուն բացել Ինդոնեզիայում, ինչով նոր լիցք և որակ կհաղորդվի երկկողմ փոխգործակցությանը:
Դեսպան Նարյաթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և
վստահեցրել, որ իր պաշտոնավարման ընթացքում առավելագույն ջանքերն է
ներդնելու երկու երկրների հարաբերությունները ամրապնդելու և ընդլայնելու
համար:










