Մատաղիսի գործով սպանվածի հարազատները պահանջում են դատապարտել ազատ արձակված նախկին ամբաստանյալներին (տեսանյութ)

15:32 • 14.01.13

Մատաղիսի զորամասում 2003թ. սպանված երկու զինծառայողներից Ռոման Եղիազարյանի հարազատները պատրաստվում են բողոքարկել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճիռը, որով դեկտեմբերի 18-ին, գործով մեղադրվող նույն զորամասի զինծառայողներ Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը և Ռազմիկ Սարգսյանը ազատ արձակվեցին հենց դատարանի դահլիճից:
 


Ռոման Եղիազարյանի մայրը, հորեղբայրը և հորաքույրն այսօր հրավիրված մամուլի ասուլիսին լրագրողներին մի տեսագրություն հանձնեցին, որտեղ նախկին մեղադրյալ Ռազմիկ Սարգսյանը քննիչ Արմեն Հակոբյանին դեպքի վայրում պատմում է սպանության մանրամասները:


«Այս ձայնագրությունը ամբողջովին ապացուցում է, որ հենց նրանք են կատարել սպանությունը: Սա ինքնախոստովանական ցուցմունք է, որն իսկական ապացույց է, և սա նայելուց հետո նրան անմիջապես կախաղան էր պետք է բարձրացնել, իսկ իրենք ազատ են արձակում»,- ասաց զոհվածի հորեղբայրը՝ Արթուր Եղիազարյանը:


Լրագրողի այն դիտարկմանը, թե հնարավո՞ր է, որ Ռազմիկ Սարգսյանը որոշակի ճնշումների տակ է նման ցուցմունք տվել, սպանվածի մայրը՝ Գոհարը, ընդգծեց, որ տեսագրության մեջ կան բաներ, որոնք չէր կարող ասել, եթե մասնակից չլիներ:


«Նա ասում է, որ սպանվածների ակցենտից հասկացել է, որ մեկը գյուղացի է, իսկ մյուսը քաղաքից: Սա չէր կարող նա ասել, եթե ներկա չլիներ: Իսկ մյուս սպանված տղայի հայրը ծախվել է, ու նրա կողմից պարբերաբար մարդիկ էին գալիս ու ասում՝ եկեք համաձայնության գանք: Բայց ես իմ երեխայի արյունը ծախող չեմ»,- ասաց նա:


Մատաղիսում սպանված Ռոման Եղիազարյանի հարազատները այն համոզմունքը հայտնեցին, որ նույն զորամասում սպանված Հովսեփ Մկրտումյանի ծնողները համաձայնության են եկել ամբաստանյալների հետ՝ գումարի դիմաց, քանի որ, ըստ իրենց, համաձայնության գալը հենց դա է նշանակում:


Զոհվածի հորաքույր Հայկուհի Եղիազարյանն էլ իր վրդովմունքը հայտնեց այն հարցի շուրջ, որ ամբաստանյալներից Ռազմիկ Սարգսյանը, թեև հայտարարել էր, թե ցուցմունք է տվել իր նկատմամբ կիրառված խոշտանգումներից հետո, սակայն իրավապահ մարմինները չեն փորձել այդ հարցը պարզաբանել:


«Թող դատախազն ասեր՝ հենց հիմա ստեղ ասա, տեսնենք, թե ով է քեզ խոշտանգել: Ոչ մեղադրյալ կա, ոչ բան կա: Մեղադրյալները ազատվում են դատարանի դահլիճից: Ինչ անգրագետ դատավորներ ու դատախազներ են, էս ի՞նչ է կատարվում»,- ասաց նա:

Այսպիսով, Մատաղիսի զորամասում զոհված զինծառայողներից Ռազմիկ Սարգսյանի հարազատները պահանջում են արդար դատավարություն, սակայն միաժամանակ վստահ են, որ իրենց որդուն սպանողները հենց ազատ արձակված երեք նախկին ամբաստանյալներն են: