Հնդկաստանի օրինակով Ստոկհոլմում խմբակային բռնաբարության դեպք է գրանցվել

12:28 • 14.01.13

Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում խմբակային բռնաբարության դեպք է տեղի ունեցել. մետրոյի կայարանից դուրս եկած 22-ամյա կնոջը հետևել և բռնաբարել է 5 տղամարդ, տեղեկացնում է The Local-ը։


Ոստիկանության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնից 20 րոպե հեռավորությամբ գտնվող Sundyberg թաղամասում՝ ժամը 16։30-ի սահմաններում։


Դրսում -10 աստիճան է եղել, և ոստիկանները նշում են, որ նման եղանակային պայմաններում նման դեպքն արտասովոր է։

 

Կնոջը բռնաբարողները փախուստի են դիմել։ Ուշագնաց եղած կինն ուշքի գալով զանգահարել է ընկերոջը, իսկ վերջինս դիմել է ոստիկանություն։
 

Կնոջը տեղափոխել են հիվանդանոց։ Նրա մոտ հոգեբանական լուրջ խնդիրներ են առաջացել։
 

Ոստիկանությունն ուսումնասիրում է շրջակայքի անվտանգության տեսախցիկների նկարահանումները՝ հանցագործներին հայտնաբերելու համար։
 

Հիշեցնենք, որ վերջերս նման դեպք էր տեղի ունեցել Հնդկաստանում, ինչից հետո երկրում զանգվածային բողոքի ակցիաներ ու անկարգություններ էին սկսվել։ Բռնաբարության զոհ դարձած 23-ամյա աղջիկը մահացել էր։
 

Չնայած միջադեպի բարձրացրած աղմուկին՝ երեկ նույնպես տեղեկություն էր տարածվել, որ Հնդկաստանում խմբակային բռնաբարության հերթական դեպքն է գրանցվել։