Անդրիաս Ղուկասյանը հացադուլ է հայտարարում և ԿԸՀ–ից պահանջում անվավեր համարել Սերժ Սարգսյանի թեկնածությունը
ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին, որում նշում է, որ իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունը չարաշահում է իր դիրքը պետության մեջ ու բարեխիղճ մրցակից չէ ընտրությունների մյուս մասնակիցների նկատմամբ, մինչև քարոզարշավի սկիզբը իշխող կուսակցության թեկնածու Սերժ Սարգսյանի գրանցումն անվավեր չճանաչելու դեպքում ինքն անձամբ իր և հանրության ընտրական իրավունքը համարելու է խախտված և այդ պատճառով անժամկետ հացադուլ է հայտարարում:
Անդրիաս Ղուկասյանի տարածած հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.
»Թեպետև ՀՀ Ընտրական օրենսգրքում ամրագրված չէ, որ Հանրապետության Նախագահի ընտրությունները պետք է լինեն ազատ, այնուամենայնիվ, իսկական լինելու համար դրանք պիտի լինեն այդպիսին:
Հանրության կողմից ընտրությունների նկատմամբ առկա անվստահությունը ի չիք է դարձնում ժողովրդի կամքը` որպես իշխանության հիմք:
ՀՀ քաղաքացին առայսօր չունի անհրաժեշտ տեղեկություններ իր ընտրական իրավունքների լիարժեք իրացման համար պետության պոզիտիվ պարտավորությունների մասին: Պետությունը քաղաքացուն չի տեղեկացրել, որ ոչ ոք իրավունք չունի հարկադրել կամ ցանկացած եղանակով նյութապես իրեն շահագրգռել որևէ քաղաքական ուժի համար քվեարկելու, և որ այդ գործողությունները քրեօրեն պատժելի են:
Համապատասխան տեղեկատվության բացակայության պատճառով քաղաքացիների զգալի մասը նույնացնում է իշխող քաղաքական ուժը պետության հետ և չգիտի, որ պետությունն ընտրություններում գործում է բոլոր քաղաքական ուժերից անջատ և պահպանում է չեզոքություն:
Քանի որ ազատ և իսկական ընտրություններ անցկացնելու համար պետության միջազգային պարտավորությունները հստակ ամրագրված չեն օրենքով, ուստի քաղաքացիների այդ իրավունքը երաշխավորված չէ, իսկ դրա իրականացումը ամբողջությամբ կախված է իշխող կուսակցության հայեցողությունից:
Համադրելով այս իրողությունն այն փաստի հետ, որ սկսած 2008թ. Բացառապես իշխող կուսակցությունից է կախված եղել ընտրական օրենքի ձևավորումը և ընտրությունների նկատմամբ հանրության վստահության ամրապնդմանն ուղղված պետական քաղաքականության իրականացումը, անհնար է չգալ եզրակացության, որ իշխող կուսակցությունը չարաշահում է իր դիրքը պետության մեջ ու բարեխիղճ մրցակից չէ ընտրությունների մյուս մասնակիցների նկատմամբ:
Չի կարող լինել ժողովրդավարություն, երբ հանրության կամքի արտահայտումը, որը արտացոլված է ընտրությունների արձանագրություններում հակասում է մեծամասնության դիրքորոշմանը: Դա կեղծ ժողովրդավարություն է և շինծու ընտրություններ:
Գտնում եմ, որ հանրության ազատ ընտրության բարձրագույն իրավունքն այս քաղաքական իրադրության մեջ կարող է իրացվել միայն իշխող կուսակցության թեկնածուի մասնակցությունը ընտրություններում բացառելու դեպքում:
Վստահ եմ, որ միջազգային փորձի ուսումնասիրությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներին կբերի այն եզրահանգման, որ պետությունն իրավունք ունի զրկել թեկնածուին ընտրություններում մասնակցելու հնարավորությունից, երբ նման մասնակցությունը վտանգում է հանրային բարձրագույն շահը:
Համոզված եմ, որ օրենքի տառի բացակայությունը ազնիվ և օրինապահ քաղաքացիների համար արգելանք չի կարող լինել` հաստատելու այն քաղաքական իրողությունը, որը պիտի լիներ դրա առկայության դեպքում:
Մինչև քարոզարշավի սկիզբը իշխող կուսակցության թեկնածուի գրանցումն անվավեր չճանաչելու դեպքում, անձամբ իմ և հանրության ընտրական իրավունքը համարելու եմ խախտված:
Իմ քաղաքացիական պարտքը թելադրում է այդ իրավունքը պաշտպանելու համար հայտարարել անժամկետ հացադուլ»:










