Ազիզ Թամոյանը եզդիներին կոչ է անում ընտրել Սերժ Սարգսյանին
Աշխարհի և Հայաստանի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը բոլոր եզդիներին կոչ է անում նախագահական ընտրություններին սատարել գործող նախագահ Սերժ Սարգսյանին։
«Մենք այբբենարան ենք ստեղծել, դասագրքեր ենք ստեղծել, 30–ից ավել դպրոցներում դասավանդվում է եզդիերեն առարկան։ Այս բոլոր աշխատանքներով մենք կապված ենք մեր հայ ժողովրդին, ղեկավարության հետ»,–այսօր կայացած ասուլիսին ասաց նա՝ նշելով, որ ով էլ գա իշխանության, իրենք այդ մարդու կողքին կլինեն։
Թամոյանի խոսքով՝ ազգային փոքրամասնությունները, որպես կանոն, պետք է կանգնեն իշխանավորների կողքին։
«Երեկ միության նիստ է եղել, որին մասնակցել են բոլոր մարզերից եկած ներկայացուցիչները, որոնք բոլորն էլ համաձայնել են այս որոշման հետ։ Ես ուր գնացել եմ, բոլոր եզդիներն իրենց համաձայնությունը տվել են։ Մենք, համենայնդեպս, կոչ ենք անում։ Ով չի համաձայնվի, իր իրավունքն է»,–ասաց նա՝ հավաստելով, որ Սերժ Սարգսյանի օժանդակությամբ իրենք շատ աշխատանքներ են արել իրենց ազգի համար։
Ազիզ Թամոյանի խոսքով՝ եզդիները ԽՍՀՄ–ի տարիներին քուրդ էին համարվում, իսկ հիմա իրենք ռադիո ունեն, Գիտությունների ազգային ակումբում բաժին ունեն և այլն :
«Ես բուժվելու նպատակով գնացել էի Գերմանիա, բայց Հայաստանի օդը կարոտել էի, ես չէի կարողանում ապրել այնտեղ»,– ասաց նա՝ վստահեցնելով, որ իրենք Հայաստանում շատ լավ են զգում իրենց։










