Ատամնաբույժները հնարավոր է փետրվարի 1-ից գործադուլ անեն. «Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի» նախագահ
Ստոմատոլոգների բողոքները կարող են վերաճել գործադուլի, եթե «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունը, որն ընդունվել է ՀՀ կառավարության կողմից, չվերանայվի: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի» նախագահ Աշոտ Գևորգյանը:
Դժգոհությունը պայմանավորված է ՀՀ վերոնշյալ օրենքում կատարված փոփոխությունների հետ, համաձայն որի` Երևան քաղաքում մինչև երեք բազկաթոռով ատամնաբուժական և ատամնատեխնիկական գործունեություն իրականացնելու համար յուրաքանչյուր բազկաթոռի համար ամսական 80.000 ՀՀ դրամ արտոնագրային վճար է սահմանվել։ Մինչ այս փոփոխությունը, ատամնաբույժներն ու ատամնատեխնիկները մեկ բազկաթոռի հաշվարկով ամսական 15.000-20.000 դրամ վճարում են կատարել։
Գևորգյանը հայտնեց, որ հունվարի 26-ին կայանալու է ստոմատոլոգների հավաք, որտեղ քննարկվող հիմնական հարցը լինելու է նոր ընդունված որոշումը, քանի որ՝ «բաներ կան, որ կրկնակի, քառակի անգամ հարկում է գնում»:
«Ստոմատոլոգիան մտցրել են խաղատների, հարսանյաց սրահների, վարսավիրանոցների հետ մի կազմում: Բացի այդ, հարկվելու է ռենտգեն սեղանը, ատամնատեխնիկը, որը անհեթեթություն է»,- ասաց Աշոտ Գևորգյանը:
Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի նախագահի փոխանցմամբ որոշումը պարտադրում է մինչև հունվարի վերջ կատարել և՛ հունվարի, և՛ փետրվարի ամսավճարը:
«Անգամ առաջարկություն էինք ստացել, որ փետրվարի գումարը ոչ ոք չմուծի և փետրվարի 1-ից ոչ ոք չաշխատի: Բայց դե, դա էլ ելք չի: Միայն Արմավիրի մարզում երեք կլինիկա փակվել է այս ամիս: Եվ շատ-շատերը պատրաստվում են մեկնել: Մոտ 2000-3000 հոգի կկրճատվի առնվազն, եթե այս տեմպով շարունակեն աշխատել»,- ասաց Աշոտ Գևորգյանը:
Որոշման կիրառումը կարող է ստեղծել այնպիսի իրավիճակ, որ մինչև 2 բազկաթոռ ունեցող ստոմատոլոգիական կլինիկաները օրենքի կիրառումից հետո, նույն բազկաթոռի վրա կսկսեն իրականացնել վիրաբուժական, թերապևտիկ և օրթոպեդիկ ծառայություններ, որն արգելված է:
«Մինչև հիմա էլ այդ խախտումը կատարվում էր, քանի որ վերահսկողությունը շատ թույլ է, դրա համար 1-2 բազկաթոռանոց կաբինետները այդ խախտումով աշխատում էին, և այդ օրենքի կիրառության դեպքում իրենք կկարողանան տակից դուրս գալ»,- ասաց Աշոտ Գևորգյանը:
«Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի» նախագահը հայտնեց, որ առողջապահության նախարարի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, և նա պարտավորվել է ատամնաբույժների պահանջներն այսօր ներկայացնել ՀՀ վարչապետին և նախագահին:










