Հունվարի առաջին տասնօրյակին շտապօգնությունը գրանցել է 6 687 կանչ
2013-ի հունվարի 1-ից 10-ը «Շտապ բուժoգնություն» ՓԲԸ-ն ստացել է 6 687 կանչ, որից 1 070-ի դեպքում հիվանդը տեղափոխվել է հիվանդանոց: Այս տվյալներն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց «Շտապ բուժoգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը: Նա նշեց, որ ներկայացված թվերից 529 կանչը վերաբերել է երեխաներին և 130-ը հիվանդանոց է տեղափոխվել:
«Նախորդ տարվա համեմատ Ամանորին ստացված կանչերի թիվը նվազել է: Մենք օրական 25-30 կանչ պակաս ենք ստացել, իսկ օր է եղել մինչև 100 կանչ պակաս է ստացվել: Դժվար է ասել, թե ինչով է պայմանավորված: Ինչպես ամբողջ տարվա ընթացքում, այնպես էլ այս օրերին դրանք հիմնականում սրտանոթային, սուր շնչառական հիվանդություններին էին վերաբերում և վնասվածքներին»,- ասաց նա:
Նա նշեց, որ Ամանորին գրանցել են սննդային 4 թունավորում և բոլորն էլ տեղափոխվել են հիվանդանոց:
Անդրադառնալով ամբողջ տարվա ընթացքում գրանցված շտապօգնության կանչերին, Թագուհի Ստեփանյանը նշեց, որ 2012-ին ավելի շատ կանչեր են գրանցվել, քան 2011-ին:
«2012թ-ին գրանցել ենք 202 հազ. 457 կանչ, եթե այն համեմատում ենք 2011-ի հետ, ապա նախորդ տարի 20 հազ. 586 կանչ ավել ենք գրանցել: Դա բավականին մեծ թիվ է: Մանկական կանչերի թիվը կազմել է 19 հազ. 143, որը 2 886 կանչով ավելի է 2011-ի հետ համեմատ: Իհարկե, կանչերի թվի ավելացման հետ, ավելանում է նաև հոսպիտալացման թիվը»,- ասաց նա:
Թագուհի Ստեփանյանը տարվա կտրվածքով կանչերի թվի ավելացումը բացատրեց շտապօգնության ծառայության սպասարկման և բժիշկների որակի բարելավմամբ:










