Հայաստանն ու Արցախը՝ մասամբ ազատ երկրներ՝ բարելավված արդյունքով. հրապարակվել է Freedom House-ի 2013-ի զեկույցը
Freedom House ամերիկյան կազմակերպությունը ներկայացրել է 2013-ի իր զեկույցը՝ աշխարհում ժողովրդավարության, քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների վերաբերյալ: Ուսումնասիրությունը ներկայացված է մի քանի կատեգորիաներով՝ ազատ, մասամբ ազատ, ոչ ազատ:
Ըստ այդմ՝ աշխարհում ազատ է անվանվել 90, ոչ ազատ՝ 47, մասամբ ազատ՝ 58 երկիր:
Ազատ և լավագույն ցուցանիշերն ունեցող երկրների ցանկում են Անդորան, Ավստրիան, Ավստրալիան, Բարբադոսը, Բելգիան, Կանադան, Կապե Վերդեն, Չիլին, Կիպրոսը, Դանիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իսլանդիան, Կիրիբատին, Լիխտենշտեյնը, Լյուքսեմբուրգը, Մալթան, Նիդեռլանդները, Նոր Զելանդիան, Նորվեգիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Շվեդիան, Շվեյցարիան, Տուվալուն և այլն:
Ամենաանազատ երկրներ են անվանվել Հյուսիսային Կորեան, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Սուդանը, Հասարակածային Գվիենան, Էրիտրեան, Տիբեթը, Արևմտյան Սահարան և Սիրիան:
Ամենամեծ բարելավումն ունեցել են Լիբիան, Թունիսը, Բիրման, Եգիպտոսը, Զիմբաբվեն, Մոլդովան, Մոնտենեգրոն, Սիերա Լեոնեն, Վրաստանը:
Ըստ ազատության ցուցանիշի՝ Հայաստանը զեկույցում որակված է «մասամբ ազատ» երկիր: Տարածաշրջանի երկրներից ու հարևաններից Ադրբեջանն ու Իրանը որակված են «ոչ ազատ», Վրաստանը և Թուրքիան՝ «մասամբ ազատ»:
Հայաստանը քաղաքական իրավունքների ցուցանիշով բարելավում է արձանագրել. 7 բալանոց սանդղակով (որում 1-ը լավագույն, 7-ը վատագույն ցուցանիշն է) Հայաստանն ունի 5 գնահատականը: Ավելի բարվոք՝ 4-ի արժանի վիճակում են մեր քաղաքացիական իրավունքները:
Ուշագրավ է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը «վիճելի տարածքների» կատեգորիայում է և որակված է «մասամբ ազատ»: Ընդ որում՝ Լեռնային Ղարաբաղի դեպքում նշվում է «վիճակի բարելավումը»: Առավելագույն7 բալանոց սանդղակով նախորդ տարվա իր 6 գնահատականը ԼՂՀ-ն բարելավել է 5-ով, իսկ կարգավիճակը՝ «ոչ ազատից» «մասամբ ազատի». սա պայմանավորված է հուլիսին նախագահական ընտրություններում ընդդիմության առաջին անգամ եղած մասնակցությամբ:
Աղբյուրը նշում է, որ ցուցակը կազմված է 2012-ի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի զարգացումների հիման վրա:










