Իսլամաբադում բախումներ են սկսվել ընդդիմության և ոստիկանության միջև
Պակիստանի անվտանգության ուժերն այսօր առավոտյան օդ են կրակել և մահակներ կիրառել Իսլամաբադում ընդդիմադիրների «միլիոնների երթը» ցրելու համար, որը ղեկավարել է իսլամիստական խմբավորման ղեկավար Թահիր Կադրին։
Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով տեղի հեռուստաընկերությանը, ընդդիմությունը ոստիկանությանը դիմադրություն է ցույց տվել և քարեր նետել։ Նախնական տվյալներով՝ ցույցի 6 մասնակիցներ վիրավորվել են։
Ընդդիմությունը հայտարարել է, որ եթե Պակիստանի դաշնային կառավարությունը հրաժարական չտա, կվերանա պակիստանցիների վստահությունը, և ցույցերի մասշտաբները կընդլայնվեն։
Իրենց նպատակներին հասնելու համար Կադրիի տասնյակ հազարավոր կողմնակիցները մտադիր են հատել «կարմիր գիծը» և մտնել այն տարածք, որտեղ տեղակայված է Պակիստանի նախագահական նստավարը, կառավարությունը, արտգործնախարարությունը, ոստիկանությունը, խորհրդարանը, Բարձրագույն դատարանը և դիվանագիտական անկլավը։
Ոստիկանությունը հայտարարել է, որ բոլոր անհրաժեշտ միջոցառումները կձեռնարկի ընդդիմությանը կասեցնելու համար, որը մտադիր է Իսլամաբադը վերածել Եգիպտոսի Թահրիր հրապարակի։










