Աֆրիկյան զորակազմը Մալիում կհաստատվի առաջիկա օրերին
Ֆրանսիայի կողմից իրականացվող ռազմական գործողությունը Մալիում չի փոխարինի այդ երկրում աֆրիկյան AFISMA ուժի տեղակայման որոշմանը։ Այս մասին, Взгляд-ի փոխանցմամբ, հայտարարել է ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Ժերար Արոն՝ Անվտանգության խորհրդի քննարկումից հետո։
«Մեր քաղաքական առաջնահերթությունները չեն փոխվել. այն թիվ 2085 բանաձևի արագ իրականացումն էր, այդ թվում՝ աֆրիկյան ուժերի տեղակայմանն առնչվող կետի»,-ասել է դիվանագետը։
Նրա խոսքով՝ աֆրիկյան ուժերը Մալիում կտեղակայվեն առաջիկա շաբաթվա ընթացքում։
Արոն նաև հայտարարել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրներն իրենց աջակցությունն են հայտնել Ֆրանսիայի գործողություններին։ Նրա խոսքով՝ Ֆրանսիայի գործողությանն աջակցելու ցանկություն են հայտնել ԱՄՆ-ն, Կանադան, Բելգիան, Դանիան և Գերմանիան։
Իրավիճակը Մալիում սրվել էր վերջին շաբաթների ընթացքում. զինյալ ծայրահեղական խմբերը գրավել էին երկրի հյուսիսային շրջանները և սկսել էին հարձակվել կենտրոնական հատվածներում տեղակայված կառավարական ուժերի վրա։










