Դատարանը Պակիստանի վարչապետին ձերբակալելու որոշում է կայացրել

17:00 • 15.01.13

Պակիստանի Բարձրագույն դատարանն այսօր երկրի վարչապետ Ռաջա Փերվազ Աշրաֆին ձերբակալելու որոշում է կայացրել, տեղեկացնում է ռուսական Лента-ն՝ արաբական Al-Jazeera հեռուստաընկերությանը հղումով։

 

Հեռուստաընկերության տվյալներով՝ Պակիստանի կառավարության ղեկավարին կասկածում են կոռուպցիոն հանցագործությունների մեջ։ Վարչապետի հետ ձերբակալվելու են նաև նրա շրջապատի 15 ներկայացուցիչներ։ Դատարանը որոշել է, որ նախնական լսումներն սկսվելու են հենց վաղվանից։
 

Աշրաֆի արձագանքի մասին որևէ տեղեկություն չկա։

Վարչապետին ձերբակալելու մասին որոշումը համընկել է Պակիստանի ընդդիմության՝ կառավարության հրաժարականի պահանջին։


Հիշեցնենք, որ Պակիստանում հազարավոր ցուցարարներ էին փողոց դուրս եկել՝ կառավարության հրաժարականի պահանջով։ Այսօր ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ էին գրանցվել։